Մոնիկա, Դուք արդեն տևական ժամանակ է ինչ «Բայազետ» կենտրոնի մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) բաժնում եք, հետաքրքիր է, ամսական քանի՞ դիմում-հայտ է ստանում «Բայազետ»-ը ` անդամագրվելու կամ կամավոր դառնալու համար։
— «Բայազետ»-ում անդամի կարգավիճակ ստանալը և կամավորությամբ զբաղվելը տարբեր են։
Մեր կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում առաջին ՀԿ-ներից է, որը հիմնադրման պահից կարևորել և ունեցել է մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) հատուկ բաժին՝ հաստատված ընթացակարգերով և գործիքներով, համաձայն որի կազմակերպության անդամի կարգավիճակ կարող է շնորհվել 3 ամսվա ընթացքում։ Մեր թիմի անդամ դառնալը հեշտ չէ, և նման է մեխանիկական ժամացույցի աշխատանքին, որտեղ յուրաքանչյուր մասնիկ՝ անգամ աննշան թվացող, կարեւոր դեր ունի։ Այդ ամենին ավելանում է նաև կենտրոնի ճանաչելիության փաստը, ինչի արդյունքում շատերն են ցանկանում միանալ մեզ։ Թիմի անդամների ընտրության հարցում մենք ուշադիր և հետևողական ենք, քանի որ շարունակական առաջխաղացման և զարգացման համար անհրաժեշտ է ընտրել ճիշտ մարդկանց՝ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին։ Խոսքը լավ և վատ մարդկանց մասին չէ, այլ «ճիշտ» մարդկանց, ովքեր մեր պահանջներին ավելի շատ են համապատասխանում, քան մյուսները: Մենք մշտապես դիմում-հայտեր ենք ստանում ինչպես երիտասարդ փորձագետներից, այնպես էլ տարբեր բուհերի ուսանողներից և ավարտական դասարանի դպրոցականներից։ Այսօր երիտասարդներն իրենք են շահագրգռված մեր թիմին միանալու, ինչը արդեն իսկ հաղթանակ է մեզ համար, սակայն մենք շարունակում ենք ինտենսիվ կերպով փնտրել բոլոր գաղափարակից երիտասարդներին, ովքեր միտված կլինեն «Բայազետ» կենտրոնի առջև դրված նպատակների իրագործմանը։
Ինչը վերաբերում է «Բայազետ»-ում կամավորությամբ զբաղվելուն, ապա մեր կազմակերպության դռները բաց են բոլոր ցանկացողների առջև։