Առհասարակ քաղհասարակության զարգացումը կարևոր է ոչ միայն Գավառ խոշորացված համայնքի համար, այլ նաև ամբողջ Հայաստանի համար: Սակայն այստեղ հարկ եմ համարում շեշտել, որ քաղհասարակություն ասվածը պետք է նպաստի հասարակության զարգացմանը, հասարակության տարբեր խավերի ինտեգրմանը հանրային կյանք, քաղաքացու, համայնքի ու պետության առաջընթացին ու կայունացմանը, սկզբունքներ, որոնք մեր իրականության մեջ հաճախ կամ մոռանում են, կամ շրջանցում: Այսօր բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կան Հայաստանում, որոնք ստեղծվել և գործում են այս կամ երկրի կամ կազմակերպության շահերն առաջ մղելու նպատակով, ինչը կատեգորիկ կերպով անընդունելի եմ համարում: Սա ոչ մի ձևով չի նպաստում համայնքի, հասարակության, պետության զարգացմանը:
Քաղհասարակության զարգացումը Գավառում անհրաժեշտություն է: Հետխորհրդային տարիների էվոլյուցիան ու զարգացումը կարծես պարզապես անցել են Գավառի կողքով, և սրա պատճառներից ամենանշանակալիցը շահագրգիռ և սկզբունքային հասարակական կազմակերպությունների գրեթե լիովին բացակայությունն է մեր համայնքում: Հենց սա էր մեր թիմի գլխավոր խթանը, երբ ստեղծեցինք «Բայազետ» կենտրոն հասարակական կազմակերպությունը:
«Բայազետ» կենտրոնը իր ստեղծումից կարճ ժամանակ անց արդեն հասցրեց գրավել մեր համաքաղաքացիների ուշադրությունը և ոչ միայն: Մենք մեր առաջ նպատակ ենք դրել ամեն ջանք գործադրել ի նպաստ մեր համայնքի հասարակական զարգացման և այդ նպատակին հասնելու համար ունենք հստակ ձևավորված սկզբունքների համակարգ, որոնք ենթական չեն շրջանցման ու խախտման: Դրանցից գլխավորն անկողմնակալության ու ազնվության սկզբունքն է, ինչը հատկապես դրսևորվեց Գավառ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների նախընտրական և հետընտրական գործընթացների լուսաբանման ընթացքում:
«Բայազետ» կենտրոնն իր առջև շատ ու շատ նպատակներ ու ծրագրեր է դրել իրագործելու, և համայնքային քաղհասարակական կյանքի զարգացման մեր տեսլականում հիմնական դերակատարները շարունակում են մնալ երիտասարդներն ու գիտակրթական ոլորտի գործիչները:
Ապագան մերն է: