— Ըստ էության, պետք է սկսել սկզբից, երբ 2021-ի փետրվարին հիմնեցինք «Բայազետ» կենտրոնը, կազմակերպության կանոնադրությանը զուգահեռ կազմեցինք նաև ռազմավարական ծրագիր, սահմանեցինք կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ` մոտակա 2 տարվա համար։ Ինչու՞ 2 տարվա, որովհետև կազմակերպության Գլխավոր քարտուղարը ընտրվում է 2 տարի ժամկետով` իր կողմից ներկայացրած ռազմավարական ծրագրի հիման վրա, որը իր հերթին հետագայում հաստատում է կազմակերպության խորհուրդը։ Այս համատեքստում իմ ասելիքը և սպասելիքները ավելի շատ կապվում են կարճաժամկետ արդյունքների հետ, քան երկարաժամկետ։
-Այսօր արդեն ակնհայտ է, որ մեկ տարի անց որոշ սպասելիքներ արդեն արդարացվել են, «Բայազետը» կատարել է առաջին քայլերը և գրանցել հաջողություններ, ինչը շատ է ուրախացնում մեզ բոլորիս։ Հիմա մեր թիմը ավելի մեծ և ավելի կարող է, քան առաջ։ Մեր թիմը հաջողությամբ շարունակում է ձևավորել իր գործընկերային ցանցը Հայաստանում և արտասահմանում։ Այս շարքը կարող եմ երկար թվել, բայց պետք չէ մոռանալ նաև ձախողումների մասին, ինչը մենք չենք թաքցնում, որից չենք վախենում։ Լինել «Բայազետ»-ի թիմի անդամ` նշանակում է չհիասթափվել և շարունակել աշխատանքը մինչև վերջ։ Մենք մեր առջև բավականին բարդ խնդիր ենք դրել , որը լուծելու համար ստիպված ենք լինելու բազմաթիվ խոչընդոտներ և դժվարություններ հաղթահարել։ Այս փուլում դիտարկում ենք կազմակերպության զարգացման համար Երևանում մասնաճյուղ բացելը և հաջորդիվ Գավառի տարածաշրջանից մայրաքաղաք հոսող ուղեղային հոսքի համախումբը` հանուն մեր համայնքի զարգացման։
Գիտեք, շատերը լքում են համայնքն ավելի լավ կրթություն և աշխատանք ստանալու նպատակով։ Եվ ուղեղների արտահոսքը միայն մեզ չէ բնորոշ, նույնիսկ զարգացած քաղաքներից են մարդիկ հեռանում։ Մարդիկ գնում են բնակավայրեր ,որտեղ կարող են հաջողության հասնել, որտեղ կարող են ավելի բարեկեցիկ կյանքով ապրել։ Մեր երազանքն է համախմբել Գավառի ինտելեկտուալ ներուժը և ուղղել դեպի համայնքներ։ Այս երազանքի ճանապարհին միջակ կազմակերպություն մնալու այլընտրանքը ոչ միայն անընդունելի է «Բայազետի» համար, այլև կործանարար։ Այսօր, մենք իրավմամբ հպարտանում ենք մեր մեկ տարվա կատարած աշխատանքով, սակայն, այն բավարար չէ։ «Բայազետը» պետք է դառնա Գավառի ուղեղային կենտրոնը` վերլուծական-փորձագիտական ոլորտում մեր համայնքի զարգացման հիմքը։