Ինչպիսի՞ խորհրդատվություն եք իրականացնում քաղաքացիների համար, որպեսզի նպաստեք հանրապետությունում հիմնադրույթային հայեցակարգի ձևավորմանը։
—Հաճախ ենք զրուցում տարբեր համայնքներ ներկայացնող մարդկանց հետ, առաջարկում մեր օգնությունը, պատասխաններ որոշ հարցերի։ Գուցե և սա նպաստում է դրան։ Մենք ունենք մեծ նպատակներ, նախաձեռնողականություն աշխատանքի, կրթվելու, կրթելու, զարգանալու և զարգացնելու համար։ Միևնույն ժամանակ այնքան ամբիցիոզ չենք, որ այս պահին արվածը անվանենք՝ խորհրդատվություն հանրապետությունում հիմնադրույթային հեյեցակարգի ձևավորմանն ուղղված։
Մենք անկեղծ ենք, գիտենք մեր կարողությունները, հնարավորությունները և կարիքները։ Մշտապես միտված ենք շարունակական աճի ու զարգացման։ Հիմա որոնում ենք մենթորներ, ովքեր կօգնեն մեզ բարդ հարցերին ավելի պատրաստ լինել։
Հանրային իրազեկմանն ուղղված մեր աշխատանքը տվեց իր արդյունքը Գավառի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, քաղաքացիները այն ողջունեցին։ Հիմա հետազոտական աշխատանքների իրականացման փուլում ենք, աշխատում ենք, որ դրանք լինեն համակողմանի։ ՏԻՄ-ի և համայնքի կառավարման հարցերում մեր ներգրավվածությունը ուղղում ենք տվյալներով հիմնավորված որոշումների պահանջին, ինքներս էլ առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ։
Ձգտում ենք հասնել Ձեր հարցին․ ժամանակ և օգնություն է պետք։ Արդեն նկատվում է «Բայազետ»-ի գործունեության արդյունավետությունը։ Մենք պատրաստակամ ենք և հավատում ենք, որ այս նպատակների շուրջ կհամախմբվեն նոր, հետաքրքիր, թարմ, առողջ գաղափարներով երիտասարդներ տարբեր տարածաշրջաններից, ինչպիսիք արդեն կան։