Գաղափարից դեպի իրագործում․
Ինչպես ասել է Saatchi & Saatchi ընկերության հիմնադիր Քեվին Ռոբերթսը՝
«Այսօր զարգացումը գալիս է խենթերից, քանի որ նրանք ունեն գաղափարներ եւ դրանց միջոցով աշխարհը տեսնելու ունակություն: Այդ գործում բանական մտածողությունը հանգեցնում է եզրակացությունների, իսկ հուզական մտածողությունը՝ գործողությունների։
«Բայազետ» կենտրոնը դարձավ Գավառի երիտասարդների բանական և հուզական մտածողության մարմնացումը, հանճարեղ գաղափար, որին խորապես հավատում ենք եւ դրա զարգացման համար քրտնաջան աշխատում՝ ամենօր փորձելով ներգրավել նվիրված մարդկանց, ովքեր ոգեշնչված են համայնքների ապագայով եւ կօգնեն դրա կառուցման գործում:
5-ից մեկը․
«Բայազետ» կենտրոնի 5 նպատակներից մեկը Գավառը ուժեղ համայնք դարձնելն է։ Մենք փորձում ենք ստեղծել միեւնույն գաղափարների շուրջ միավորված մարդկանց համայնք եւ իրականացնել նախագծեր, որոնք կարող են փոխել մեր հայրենի Գավառը: Այս մասով դիտարկում ենք աշխարհում գոյություն ունեցող հայկական սփյուռքը և փնտրում այն բանաձևը, որը կօգնի ծնունդով Գավառից աշխարհահռչակ գործարարների, բարերարների և ձեռնարկատերերի ներուժը միավորել իրենց ծննդավայրում։
Գավառում աննախադեպ նախագծերի իրականացման համար կենսական նշանակություն ունեն համայնքի ներդրումային միջավայրը, համագործակցության հարթակը և կիրառվող մեխանիզմները։ Դրանց նոր շունչ հաղորդելով Գավառը կդարձնենք ավելի հասանելի, հեռանկարային, ներդրումների և գործարարության համար պատրաստ համայնք։ Մյուս կողմից, հնարավորություն կստեղծվի կյանքի կոչել Գավառի երիտասարդների նախագծերը, որպեսզի նրանք կարողանան մնալ համայնքում եւ նպաստել հաջողությունների ձեւավորմանը: