Լրացավ մեր գործունեության մեկ տարին և պետք է նշեմ, որ անցնող տարին լի էր բազում մարտահրավերներով։ Հասցրել ենք իրականացնել մի շարք նախաձեռնություններ՝ ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ ներքին կազմավորման տեսանկյունից։ Ձևավորել ենք փոքրիկ գրադարան, որը համայնքի հետ ընդլայնված համագորձակցության մեր առաջին և հաջողված փորձն էր, և լիահույս եմ, որ նմանօրինակ համագործակցություններ դեռ շատ ենք ունենալու։
Իհարկե «Բայազետ» կենտրոնը դեռ շատ անելիքներ ունի։ Իմ դիտարկմամբ մենք շարունակելու ենք աշխատանք տանել համայնքում առկա խնդիրների վերհանման և հետազոտությունների իրականացման մասով։ Հաշվի առնելով Գավառ համայնքում վերջերս տեղի ունեցած խոշորացումը՝ մեր կենտրոնը հետամուտ է լինելու վերջինիս արդյունքում ի հայտ եկող նոր հնարավորությունների բացահայտմանը։ Պետք է նշեմ, որ խոշորացմանը նախորդող ընտրական գործընթացում մենք հնարավորություն ունեցանք իրականացնել ակտիվ վերլուծական-տեղեկատվական գործունեություն մեդիադաշտում։ Մեծ կարևորություն ենք տալիս այս ուղղության զարգացմանը և համայնքում վստահելի տեղեկատվական-վերլուծական կենտրոն դառնալուն։
«Բայազետ» կենտրոնի հետ համագործակցությունը նաև լավ հնարավորություն է դառնալու երիտասարդների շրջանում ավելի պրակտիկ գիտելիքների տարածման, փորձի փոխանակման, հետազոտական հմտությունների զարգացման առումով։ Նպատակ ունենք դառնալ հարթակ ուսանողների ու երիտասարդների համար, ովքեր ցանկանում են մասնակցել զանազան հետազոտական նախագծերի, պատրաստ են բարձրաձայնել խնդիրներ և աշխատել դրանց լուծումները գտնելու ուղղությամբ։
Կարևորում եմ նաև կազմակերպության գործընկերային ցանցի ընդլայնումը և ոլորտի առաջատարների հետ համագործակցության մեծ հեռանկարը և ակնկալում, որ առաջիկա տարին ամփոփելիս վստահաբար կարձանագրենք կենտրոնի կողմից իրականացված ծրագրերի նոր ու շոշափելի արդյունքները։
Շնորհակալություն։