Վահրամ, դեկտեմբերի 5-ին Գավառ խոշորացված համայնքում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Ինչպե՞ս կգնահատեք նախընտրական քարոզարշավի ընթացքը, ինչպիսի՞ մթնոլորտում է ընթանում այն․
— Ինչպես գիտեք, Գավառում պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 10-ին և ավարտվելու է դեկտեմբերի 3-ի կեսգիշերին։ Այս պահի դրությամբ, չնայած արդեն տեսանելի աշխատանք կատարվել է բոլոր 3 քաղաքական ուժերի կողմից, նկատվում է ուղիղ երկխոսության պակաս։ Խոսքը կառուցողական երկխոսության մասին է՝ հատուկ ձևաչափով բանավեճերի, քննարկումների և այլն։ Այնուամենայնիվ, քարոզարշավի ավարտին դեռ 5 օր կա, միգուցե, այդ բացն էլ լրացվի։
Համայնքում տիրող մթնոլորտի մասով կարող եմ ասել հետևյալը․ ընտրություններին բնորոշ լարվածություն առկա է, ինչը բնական է։ Կարևորը, որ մինչ այս պահը ընտրական գործընթացին մասնակից բոլոր քաղաքական ուժերը ապահովում են փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ և սա կրում է համակարգային մոտեցում։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերում թեկնածուները հիմնականում ակտիվ են իրենց օգտահաշիվներով և չկան տարբեր կողմերին սատարող կեղծ էջեր։
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին, երբ փակվեն Գավառ խոշորացված համայնքի ընտրատեղամասերը, այս իրավիճակը կհամարվի արդեն ավարտված և Գավառի համայնքապետարանում կունենանք 27 հոգանոց ավագանի, այսպես ասած՝ իշխանություն և ընդդիմություն: