Ես ակտիվ քաղաքացի եմ, ինձ հետաքրքրում են մեր պետության հնարավորություններն ու խնդիրները։ Ուսանողական տարիներից անդամակցում եմ տարբեր կազմակերպությունների, որոնք օգնում են իրականում ճանաչել Հայաստանի խնդիրների պատճառները և թեկուզ փոքրիկ ներդրում ունենալ դրանց լուծման գործում։ Վաղուց ունեմ համոզմունք, որ Հայաստանի զարգացման ճանապարհը ժողովրդավարության և պետական ինստիտուտների կայացումն է, ինչը կարող է իրականանալ միայն ռեսուրսների ապակենտրոնացման, համայնքների ուժեղացման և զարգացման դեպքում։
Ծնվելով և ապրելով Գավառի տարածաշրջանում՝ ես խորքից գիտեմ նրա ռեսուրսները, կարծրացած խնդիրները, բնակչության կարիքները, խութերը, որոնք նեղացնում են մեր ճանապարհը և թույլ չեն տալիս «բաց ծով» դուրս գալ, ուստի «Բայազետ»-ից ստացած հրավերը դիտարկեցի որպես հնարավորություն, ճանապարհ մեր համայնքի զարգացմանը նպաստելու համար։ Կառավարման խորհրդի անդամ դառնալուն համաձայնելուց առաջ երկար ուսումնասիրել եմ կենտրոնը կայացնող մարդկանց։ Նկատելի էր, որ «Բայազետ»-ը նեղ շահեր հետապնդող խմբակ չէ, այլ ինտելեկտուալ, զարգացող, սկզբունքային, նույն արժեհամակարգի կրող, նույնիսկ համայնքից դուրս գործող երիտասարդների միասնություն, որոնց նպատակները լուրջ են, ազնիվ, անկողմնակալ և ռեալ։ Մեր տարածաշրջանն իսկապես ուներ այսպիսի կենտրոնի կարիք, որն ընդլայնվող է և ոչ սահմանափակ, որի գործունեությունը հիմնվում է հետազոտությունների և աներևույթ, խորքային խնդիրների բացահայտման վրա, որտեղ կրթության ու մշակույթի դերը բարձր է, դրանց արդյունավետությունը՝ կարևորված։
Գիտե՞ք, ակնհայտ պրոբլեմների մասին անվերջ կարելի է խոսել, դժգոհել։ Դա լուծման համար ոչ անհրաժեշտության, ոչ էլ բավարարության պայմանները չի ապահովում, իսկ հատկապես փակ համայնքերում, գումարվում է նաև այն, որ մարդիկ խուսափում են խոսել անհանգստացնող հարցերի մասին։ «Բայազետ»-ում մեր գործունեությունը այդ պայմանները բացահայտելու համար է, որոնց ապահովմանն էլ ուղղում ենք մեր ներուժն ու ջանքերը։
Ես հավատում եմ նպատակաուղղված, ակտիվ և համառ աշխատանքի արդյունավետությանը։ Մեծ ցանկությամբ ու պատրաստակամությամբ՝ մեզ կհաջողվի ամրացնել մեր ընդլայնվող կազմը, նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը՝ խթանելով երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու հետաքրքրվածությունը համայնքի կառավարման հարցերում, դարձնել մեր և մեր կողքին ապրող մարդկանց կյանքն ավելի լավը, իրավունքներն՝ ավելի պաշտպանված։
Ես ուրախ եմ, որովհետև գտել եմ այն, ինչ փնտրում էի։ Այժմ գործելու ժամանակն է։