Թարգմանության համար աշխատում ենք ընտրել այնպիսի հոդվածներ, որոնց պակասը զգացվում է հայալեզու մեդիայում․ Ստելլա Շահինյան

13 մայիս, 2022 │ 10։16
«Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոնի թարգմանչական և խմբագրական բաժնի ղեկավար Ստելլա Շահինյանի կարծիքով պետք է առաջ շարժվել քայլ առ քայլ, և ժամանակի ընթացքում աշխատանքը մատուցողի հանդեպ ձեռք բերված վստահության շնորհիվ ճիշտ աշխատանքը կդառնա նաև ընդունելի:

Ստելլա, ի՞նչ սկզբունքուվ են ընտրվում թարգմանվելիք հոդվածները։

— Հոդվածներն ընտրելիս փորձում ենք հնարավորինս համադրել կենտրոնի գաղափարախոսությունն ու հասարակական կարիքներն ու հետաքրքրությունները: Հոդվածներն ունեն տեղեկատվական բնույթ, դրանք մոտիվացնող են և օգտակար կյանքի ու աշխատանքային տարբեր ոլորտների համար: Ուղղվածությունն հիմնականում հասարակական գիտությունների կողմն է` հոգեբանություն, սոցիոլոգիա, հասարակագիտություն, և այլն:Կարևոր է նաև նշել, որ աշխատում ենք ընտրել այնպիսի հոդվածներ, որոնց պակասը զգացվում է հայալեզու մեդիայում:

Արդյո՞ք մեր հասարակությունը ունի այն բացը, որը ցանկանում եք լրացնել(շտկել), կամ ի՞նչ եք տալիս հասարակությանը Ձեր կատարած աշխատանքով։

— Հաճախ մեր հասարակությանը հասանելի չեն օտարալեզու հոդվածները` օտար լեզուների ոչ այնքան լավ իմացության պատճառով: Թարգմանություններ կատարելով ռուսերենից, անգլերենից և ֆրանսերենից` ցանկանում ենք մեր հասարակության համար ընդլայնել օգտակար, տեղեկատվական նյութերի շրջանակը: Բացի այն, որ հնարավորինս շատ և բազմազան աղբյուրների հետ առնչվելով ընթերցողը ընդլայնում է տարբեր ոլորտների մասին իր գիտելիքները, օտար և հայաստանյան հեղինակներին համեմատելով նա նաև զարգացնում է քննադատական մտածողություն և գաղափար է կազմում այն մասին, թե ինչպես են տվյալ հարցին մոտենում Հայաստանից դուրս:

Ի՞նչ կասեք, ստեղծել ընդունելի, թե՞ ճիշտ աշխատանք։

— Անկասկած ստեղծել ճիշտ աշխատանք: Եթե անհատի համար հաճախ դժվար է նախապատվությունը տալ երկրորդին` հասարակության կողմից չհասկացված և չընդունված լինելու մտավախությունից ելնելով, ապա հասարակական կազմակերպությունները ոչ միայն կարող են, այլև պետք է աշխատանք տանեն հասարակության մեջ որոշակի արժեքներ և համոզմունքներ սերմանելու, կարծրատիպեր կոտրելու և հասարակական առաջընթացը խթանելու ուղղությամբ: Սակայն շատ կարևոր է միանգամից չդիմել կտրուկ փոփոխությունների, քանի որ դրանք չեն ընդունվելու` այդ մասին են փաստում բազմաթիվ հասարակական գիտություններ` հոգեբանությունը, սոցիոլոգիան, և այլն: Պետք է առաջ շարժվել քայլ առ քայլ, և ժամանակի ընթացքում աշխատանքը մատուցողի հանդեպ ձեռք բերված վստահության շնորհիվ ճիշտ աշխատանքը կդառնա նաև ընդունելի:

Հարցազրույցը վարեց Մարինե Դվոյանը
[ՎԵՐԱ]ԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՐԱԿԱՐԱԳԸ
ԱՎԵԼԻՆ