Ավետիք, Դուք վերջերս եք միացել «Բայազետ» կենտրոնին, ի՞նչը եղավ Ձեր ոգեշնչման աղբյուրը, որ որոշեցիք միանալ նորաստեղծ թիմին։
—Հետաքրքիր է, որ ակտիվ հետևելով երիտասարդական նախաձեռնություններին՝ դրանց դերին ու նշանակությանը, և առավելապես ոգևորվելով Գավառի երիտասարդության ձեռքբերումներով, մինչ այս միտք չեմ ունեցել որևէ թիմի անդամ դառնալ։
«Բայազետ» կենտրոնի գործունեությանը սկսել եմ հետևել գրեթե ստեղծման օրվանից։ Բախտ ունենալով ներկա լինել կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպումներին, ֆորումներին և սեմինարներին՝ կարողացա ծանոթանալ կենտրոնի նպատակների, որդեգրած սկզբունքների ու գաղափարների հետ, և տպավորություններս միմիայն դրական էին։ Բնավորությանս համաձայն սկսեցի ուսումնասիրել թիմը և տպավորվեցի արդեն երկրորդ անգամ, քանի որ, երբ պատկերացնում ես կատարված աշխատանքի չափն ու տեսնում գաղափարակից երիտասարդներից կազմված թիմը՝ չես կարող սովորական վերաբերմունք ունենալ։
Հենց այս հանգամանքներով ոգևորված՝ որոշեցի հնարավորության դեպքում միանալ թիմին։ Ի ուրախություն ինձ դարձա թիմի անդամ, և հիմա արդեն վստահ կարող եմ ասել, որ սա իմ լավագույն որոշումն էր։