Հայտնի ներդրող, մուլտիմիլիարդատեր Ուորեն Բաֆեթը 1997 թվականին այսպիսի մտափորձ առաջարկեց. «Պատկերացրու, որ լույս աշխարհ ես գալու 24 ժամ հետո, - ասում է նա, - և քեզ հանկարծ ջին է հայտնվում: Ջինն ասում է, որ դու կարող ես սահմանել այն հասարակության կանոնները, ուր շուտով մուտք ես գործելու, և ամեն ինչ կարող ես նախագծել ըստ քո հայեցողության: Դու հնարավորություն ունես սահմանելու հասարակական կարգուկանոնը, տնտեսական կանոնները, կառավարության օրենքները: Եվ քո ստեղծած կանոնները գործելու են քո կյանքի ընթացքում, քո երեխաների կյանքի ընթացքում, քո թոռների կյանքի ընթացքում… Բայց մի խնդիր կա - ասում է նա, - դու չգիտես, թե ինչպիսին ես լույս աշխարհ գալու` աղքատ, թե հարուստ, տղամարդ, թե կին, թուլակազմ, թե առողջ, ԱՄՆ-ում, թե Աֆղանստանում: Միայն գիտես, որ կարող ես ընտրել պտտվող բարաբանի 5,8 միլիարդ գնդակներից մեկը: Եվ այդ գնդակը դու ես: Այլ կերպ ասած, - շարունակում է Բաֆեթը, - դու մասնակցելու ես մի խաղի, որ ես կոչում եմ «Նախածննդյան լոտո»: Եվ դա ամենակարևոր իրադարձությունն է, որ երբևէ տեղի է ունենալու քո կյանքում: Այն քեզ համար շատ ավելի վճռորոշ է լինելու, քան այն, թե ինչ դպրոց կգնաս, ինչքան ջանասիրաբար կաշխատես, ու նման բաներ»: Բաֆեթը միշտ էլ այն մարդկանցից է եղել, որ հաջողության մեջ կարևորել է բախտի գործոնը: 2014 թվականի իր ամենամյա ուղերձում նա գրում է. «Բախտի բերմամբ, ես և Չարլին (իմ գործընկերը), ծնվել ենք ԱՄՆ-ում, և մենք հավետ շնորհակալ կլինենք այն ցնցող առավելությունների համար, որ մեզ շնորհել է այս պատահականությունը»:
Հարցին այս կերպ մոտենալիս, դժվար է ժխտել կյանքում բախտի, պատահականությունների և հաջողակ լինելու կարևորությունը: Եվ անշուշտ, այս գործոնները վճռական դեր են խաղում: Բայց եկեք դիտարկենք մեկ այլ պատմություն: