Ինչու՞մն է խնդիրը: Ինչո՞ւ փաստերը մեզ չեն մտափոխում: Եվ ինչո՞ւ, այնուամենայնիվ,մարդը կարողանում է շարունակել հավատալ կեղծ կամ ոչ ճշգրիտ տեղեկատվության: Ի՞նչ է տալիս մեզ նման վարքագիծը:
Կեղծ համոզմունքների տրամաբանությունը.
Մարդկանց գոյատևելու համար անհրաժեշտ է ողջամիտ և ճշգրիտ պատկերացում կազմել աշխարհի մասին: Եթե իրականության ձեր մոդելը խիստ տարբերվում է իրական աշխարհից, ապա դուք ամեն օր ջանք եք գործադրելու արդյունավետ գործողություններ ձեռնարկելու համար:
Այնուամենայնիվ, ճշմարտությունն ու հավաստիությունը միակ բաները չեն, որ կարևոր են մարդկային գիտակցության համար: Մարդիկ նաև ըստ երևույթին իրենց տեղը գտնելու խիստ ցանկություն ունեն:
«Ատոմյան սովորույթներ»-ում ես գրել եմ. «Մարդիկ կենդանիների հոտ են: Մենք ցանկանում ենք մեր տեղը գտնել, կապեր հաստատել մյուսների հետ, և մեզ նմանների կողմից արժանանալ հարգանքի և հավանության:Նման հակումները մեր գոյատևման համար էական նշանակություն ունեն, քանի որ մեր էվոլուցիոն պատմության մեծ մասում մեր նախնիներն ապրել են ցեղախմբերով: Ցեղախմբից բաժանվելը, կամ որ ավելի վատ է` վտարվելը, հավասար էր մահվան»:
Իրավիճակի ճշմարտացիությունը հասկանալը կարևոր է, ցեղի մաս մնալը ևս: Թեև այս երկու ցանկությունները հաճախ լավ են աշխատում միասին, երբեմն նաև բախվում են միմյանց:
Շատ հանգամանքներում հասարակության հետ կապը իրականում մեր առօրյա կյանքի համար շատ ավելի օգտակար է, քան ճշմարտությունը, կամ որևէ կոնկրետ փաստ կամ գաղափար հասկանալը: Հարվարդի համալսարանի հոգեբան Սթիվեն Փինքերը այսպես է բացատրում. «Մարդկանց խրախուսում կամ դատապարտում են հիմնվելով նրանց հայացքների վրա, ուստի ուղեղի գործառույթներից մեկն է ավելի շուտ ունենալ մի համոզմունք, որը համոզմունքի տեր մարդուն կբերի ինչքան հնարավոր է շատ բարեկամներ, պաշտպաններ կամ գաղափարի հետևորդներ, քան թե համոզմունքներ, որոնք կարող են ճիշտ լինել»:
Երբեմն մենք ինչ-որ համոզմունք ենք ձևավորում ոչ այն պատճառով, որ ճշմարիտ է, այլ այն պատճառով, որ մեր մասին ավելի լավ կարծիք կձևավորի այն մարդկանց մոտ, ովքեր մեզ համար նշանակություն ունեն:
Այս ամենի լավագույն մեկնաբանությունը տվել է Քեվին Սիմլերը. «Եթե ուղեղը կանխազգում է, որ պարգևատրվելու է որևէ կոնկրետ համոզմունք որդեգրելու համար, այն շատ ուրախ է անել դա, և նրան այդքան էլ չի հուզում, թե դա ինչպիսի պարգևատրում է` պրագմատիկ (ավելի լավ արդյունքներ, որոնք գալիս են ավելի լավ որոշումներից), հասարակական (ավելի լավ վերաբերմունք շրջապատի կողմից), թե այս երկուսի որոշակի խառնուրդ:
Ոչ ճշմարտացի համոզմունքներըը կարող են օգտակար լինել հասարակական տեսանկյունից, եթե դրանք իրենց բնույթով փաստացի օգտակար չեն: Առավել հարմար արտահայտության բացակայությունից ելնելով մենք այս մոտեցումը կարող ենք կոչել «Փաստացի անճշմարտացի, կամ հասարակայնորեն ճշմարտացի»։ Երբ ստիպված ենք ընտրություն կատարել ընտանիքի, ընկերների և փաստերի միջև, մենք հաճախ ընտրում ենք ընտանիքն ու ընկերներին:
Այս ըմբռնումը ոչ միայն բացատրում է, թե ինչու ենք մենք մեր լեզուն ատամների տակ պահում ընտանեկան հավաքույթի ժամանակ, կամ աչք փակում, երբ մեր ծնողնեը վիրավորական ինչ-որ բան են ասում, այլ նաև հանդիսանում է ավելի արդյունավետ ուղի ուրիշների կարծիքը փոխելու համար:
Փաստերը մեզ չեն մտափոխում, մեզ մտափոխում է բարեկամությունը:
Ինչ-որ մեկին ստիպել փոխել իր համոզմունքները նույնն է, ինչ մարդուն ստիպել փոխել իր շրջապատը: Եթե մարդը հրաժարվի իր համոզմունքներից, ապա ռիսկի կդիմի կորցնելու իր կապը հասարակության հետ: Չենք կարող ակնկալել, որ մարդ կմտափոխվի, եթե այն ենթադրում է հեռանալ իր իսկ շրջապատից: Մարդուն միջավայր է պետք: Ոչ ոք չի ուզենա հիմնովին փոխել իր աշխարհայացքը, եթե արդյունքը լինելու է միայնությունը:
Մարդկանց կարծիքը փոխելու ձևը, նրանց հետ ընկերանալն ու քո շարքերն ինտեգրելու միջոցը, քո նեղ շրջանակ բերելն է: Այժմ նրանք կարող են փոխել իրենց համոզմունքները առանց հասարակության կողմից լքված լինելու վախի:
Բրիտանացի փիլիսոփա Ալան դը Բոթթոն առաջարկում է ուղղակի ճաշել այն մարդկանց հետ, ում հետ տարաձայնություններ ունենք:
Անծանոթ մարդկանց խմբի հետ մի սեղանի շուրջ նստելը ունի անհամեմատելի և զարմանալի դրական ազդեցություն. այն մի փոքր դժվարացնում է նրան ատելը: Մարդկանց կանխակալ կարծիքը և էթնիկ հակամարտություններըը սնվում են վերացականությունից: Այնուամենայնիվ, ճաշի ժամանակ անհրաժեշտ մտերմությունը` ափսեները բաժանելը, միաժամանակ անձեռոցիկ քաշելը և անգամ անծանոթ մարդուն աղը փոխանցել խնդրելը, խաթարում է մեր ունակությունը կառչել այն համոզմունքից, որ օտար մարդիկ ովքեր անսովոր հագուստով են և մերից տարբերվող առոգանությամբ են խոսում, արժանի են մեր շարքերից դուրս մնալու կամ հարձակման ենթարկվելու: Բացի բոլոր լայնամաշտաբ քաղաքական լուծումներից, որոնք առաջարկվել են էթնիկ հակամարտությունները լուծելու համար, կան նաև մի քանի այլ արդյունավետ միջոցներ, իրար կասկածամտորեն վերաբերվող հարևաների միջև հանդուրժողականության մակարդակը բարձրացնելու, քան նրանց միասին ընթրել ստիպելը:
Ըստ երևույթին թշնամանք և ազգայնականություն ծնում է ոչ թե տարբերությունը, այլ հեռավորությունը:Երբ մտերմությունն ուժեղանում է, ուժեղանում է նաև հասկանալու ունակությունը: Այն ինձ հիշեցնում է Աբրահամ Լինքոլնի խոսքերը. «Այդ մարդն ինձ դուր չի գալիս:Ես պետք է նրան ավելի լավ ճանաչեմ»:
Համոզմունքների սպեկտրը
Տարիներ առաջ Բեն Քազնոխան ինձ հետ կիսվեց մի գաղափարով, որը ես մինչ օրս չեմ կարողանում մարսել: Մարդիկ, ում ամենայն հավանականությամբ կհաջողվի մեզ մտափոխել, նրանք են, որոնց հետ մենք համաձայն ենք թեմաների 98 տոկոսում:
Եթե ինչ-որ մեկը, ում դուք ճանաչում, սիրում և վստահում եք ունի որևէ ծայրահեղական համոզմունք, դուք ամենայն հավանականությամբ այդ գաղափարին տեղ ու կշիռ կտաք կամ էլ հաշվի կառնեք: Դուք արդեն նրանց հետ համաձայն եք կյանքի շատ ոլորտներում: Գուցե պետք է այս թեմայի շուրջ էլ փոխեք ձեր կարծիքը: Բայց եթե ձեզանից խիստ տարբերվող որևէ մեկը առաջարկում է նույն ծայրահեղական գաղափարը, հեշտ է նրան ծալպակաս համարելով արհամարհել:
Այս տարբերությունը պատկերավոր դարձնելու միջոց է սպեկտրի վրա համոզմունքների քարտեզագրումը: Եթե դուք այս սպեկտրը բաժանեք 10 բաժինների և հասկանաք, որ դուք 7-րդ բաժնում եք, ուրեմն իմաստ չունի առաջին բաժնում գտնվող ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզել:
Տարածությունը չափազանց մեծ է: Եթե դուք 7-րդ բաժնի մեջ եք, ավելի լավ է ձեր ժամանակը ծախսեք 6 և 8րդ տեղերում գտնվող մարդկանց հետ կապ հաստատելու համար, նրանց աստիճանաբար ձեր կողմը ձգելով:
Ամենաթեժ վեճերը սովորաբար տեղի են ունենում սպեկտրի հակառակ կողմերում գտնվող մարդկանց միջև, բայց ամենից հաճախ սովորում ենք մարդկանցից, ովքեր ավելի մոտ են գտնվում: Ինչքան մոտ ես ինչ-որ մեկին, այնքան ավելի հավանական է, որ մեկ կամ երկու համոզմունքները , որոնք դուք չեք կիսում, կհոսեն ձեր սեփական գիտակցություն և կձևավորեն ձեր մտածելակերպը: Ինչքան համոզմունքը հեռու է ձեր դիրքից, այնքան ավելի հավանական է, որ դուք այն միանգամից կմերժեք:
Երբ խոսքը վերաբերվում է մարդկանց կարծիքը փոխելուն, շատ դժվար է սպեկտրի մեկ կողմից մյուսը ցատկել: Անհնար է սպեկտրի մյուս կողմից ցատկել մյուս կողմը: Այդ հեռավորությունը պետք է անցնել սահելով:
Յուրաքանչյուր գաղափար, որ տարբերվում է ձեր այժմյան աշխարհայացքից, ձեզ մի փոքր կվախեցնի: Եվ այդ վախ ազդող գաղափարի շուրջ մտածելու համար ամենալավ տեղը անվտանգ միջավայրն է: Որպես արդյունք, գրքերը հաճախ առավել սահուն են հայացքներ փոխակերպում, քան զրույցներն ու դեբատները:
Զրույցի ժամանակ մարդիկ պետք է շրջահայաց գտնվեն և հաշվի առնեն իրենց կարգավիճակն ու անձը: Նրանք ցանկանում են պահպանել իրենց համբավը և հիմարի տպավորություն չթողնել: Երբ նրանց դեմ բերում են ոչ ձեռնտու փաստերի մի ողջ փունջ, մարդն ավելի շատ հակված է կրկնապատիկ համառությամբ իրենը պնդել, քան թե հանրայնորեն խոստովանել, որ սխալվել է:
Գրքերը ցրում են այս լարվածությունը: Գրքի դեպքում երկխոսությունը տեղի է ունենում մարդու գլխում, առանց մյուսների կողմից քննադատության ենթարկվելու ռիսկի: Լայնախոհ լինելն ավելի հեշտ է, երբ ստիպված չես դիմել ինքնապաշտպանության:
Վեճերը ասես լայնածավալ հարձակում լինեն անձի ինքնության վրա: Գիրք կարդալը նման է մարդու ուղեղում սերմ ցանելուն և թողնելուն, որ այն ինքն իրեն աճի: Մարդու գլխում արդեն պատերազմ գնում է, երբ նա փորձում է ազատվել նախկինում ունեցած համոզմունքից: Պետք չէ, որ նա մարտի մեջ մտնի մեկ ուրիշի հետ:
Ինչո՞ւ են կեղծ գաղափարները համառորեն շարունակում ապրել
Գոյություն ունի մեկ այլ պատճառ, թե ինչու են կեղծ գաղափարները շարունակում ապրել. այն է, որ մարդիկ շարունակում են խոսել այդ մասին: Լռությունը յուրաքանչյուր գաղափարի մահն է:
Մի գաղափար, որի մասին երբեք չեն խոսում կամ որի մասին չի գրվում, մեռնում է այն մարդու հետ, ով մտահաղացել է այն: Գաղափարները հիշվում են միայն, երբ դրանք կրկնում են: Դրանց հավատում են միայն, երբ դրանք կրկնվում են:
Ես արդեն նշել եմ, որ մարդիկ կրկնում են տարբեր մտքեր, որպեսզի ազդարարեն, որ պատկանում են նույն հասաակական խմբին: Բայց կա մի կարևոր կետ, որի մասին մարդիկ մոռանում են խոսել:
Մարդիկ վատ բաներից բողոքելիս կրկնում են նաև վատ մտքերը: Նախքան գաղափարը քննադատելը, դու պետք է հղում կատարես այդ գաղափարին: Ստացվում է այնպես, որ դու կրկնում ես որոշակի մտքեր, և հույս ունես, որ մարդիկ դրանք կմոռանան, բայց, իհարկե, մարդիկ չեն կարող մոռանալ դրանք, քանի դեռ դու խոսում ես դրանց մասին: Ինչքան շատ ես կրկնում վատ խոսքը, այնքան ավելի հավանական է, որ մարդիկ կհիշեն այն:
Եկեք այս ֆենոմենը կոչենք Քլիրի կրկնության օրենք`մարդկանց քանակը, ովքեր հավատում են ,որ գաղափարի կշիռը ուղիղ համեմատական է նրա հետ, թե քանի անգամ է դա կրկնվել անցած տարի,եթե նույնիսկ գաղափարը ոչ ճշմարտացի է:
Ամեն անգամ ինչ-որ վատ գաղափար քննադատելիս, դուք կերակրում եք այն հրեշին, որին փորձում եք ոչնչացնել: Ինչպես թվիթերի մի աշխատակից է գրում` «Ամեն անգամ երբ ռեթվիթ եք անում կամ մեջբերում եք ինչ-որ մեկի թվիթը, ում վրա զայրացած եք, դա օգնում է նրան:Դա տարածում է նրա դուրս տված հիմարությունը:Ձեր կողմից քննադատության արժանացող գաղափարների ամենալավ պատիժը լռությունն է:Սովորություն ունեցեք դրանց պատասխանել լռությամբ»:
Ավելի լավ է ձեր ժամանակը ծախսեք ոչ թե վատ գաղափարները քննադատելու, այլ լավերը պաշտպանելու վրա: Ժամանակ մի վատնեք բացատրելու համար, որ վատ գաղափարներն իսկապես վատն են: Դուք այդպիսով միայն արհամարհանքի ու տգիտության ջրաղացին եք ջուր լցնում:
Ամենալավ բանը, որ կարող է պատահել վատ գաղափարի հետ` մոռացության մատնվելն է: Ամենալավ բանը, որ կարող է պատահել լավ գաղափարի հետ այն է, որ այն տարածվի: Սա ինձ ստիպում է մտածել Թայլեր Քաուենի խոսքերի մասին. «Ինչքան հնարավոր է քիչ ժամանակ ծախսեք խոսելու համար այն մասին, թե ինչքան սխալ են ուրիշները։ Սնեք լավ մտքերը և թողեք որ վատ մտքերը սովամահ լինեն»։
Մտքի զինվորը
Գիտեմ, թե հիմա ինչ եք մտածում. «Ջեյմս , լո՞ւրջ ես ասում: Թողնեմ ,որ այս հիմարները իրենց արածը մարսե՞ն:»
Պարզ արտահայտվեմ. ես չեմ ասում, որ սխալը մատնանշելը կամ վատ գաղափարը քննադատելը միշտ անօգուտ է: Բայց դուք պետք է ինքներդ ձեզ հարցնեք` «ո՞րն է իմ նպատակը»:
Նախ և առաջ, ինչո՞ւ եք ուզում քննադատել վատ գաղափարները: Ամենայն հավանականությամբ, դուք դա ուզում եք անել, քանի որ մտածում եք, որ աշխարհն ավելի լավը կլիներ, եթե ավելի քիչ մարդիկ ապրեին այնտեղ: Այլ կերպ ասած, դուք մտածում եք, որ աշխարհը կկատարելագործվեր, եթե մարդիկ փոխեին իրենց կարծիքը որոշ կարևոր հարցերի շուրջ:
Շատ մարդիկ վիճում են ոչ թե սովորելու, այլ հաղթանակած դուրս գալու համար: Ինչպես Ջուլիա Գալեֆն է դիպուկ դիտարկում` մարդիկ հաճախ իրենց պահում են ոչ թե հետախույզների, այլ զինվորների պես: Զինվորները մտավոր գրոհի են մասնակցում, պատրաստ ոչնչացնել այն մարդկանց, ովքեր տարբերվում են իրենցից: Հաջողությունը օպերատիվ զգացմունք է: Հետախույզները,հակառակը, նման են մտավոր հետազոտողների, որոնք փորձում են տեղանքն աստիճանաբար կապել մյուսների հետ: Նրանց առաջ մղող ուժը հետաքրքրասիրությունն է:
Եթե ցանկանում եք, որ մարդիկ որդեգրեն ձեր համոզմունքները, ապա պետք է ձեզ ավելի շատ հետախույզի և ավելի քիչ զինվորի պես պահեք: Այս մոտեցման կենտրոնում մի հարց է, որը Տիագո Ֆորտեն շատ գեղեցիկ է ձևակերպում. «Պատրա՞ստ եք հրաժարվել հաղթելուց, խոսակցությունը շարունակելու համար»։
Նախ եղեք բարի, ճիշտ կլինեք ավելի ուշ
Ճապոնացի փայլուն գրող Հարուկի Մուրակամին մի անգամ գրել է. «Միշտ հիշեք, որ վիճելը և այդ վեճում հաղթելը նշանակում է կործանել այն մարդու իրականությունը, ում հետ վիճում եք: Ցավալի է քո իրականությունը կորցնելը, ուստի բարի եղեք, անգամ եթե դուք ճիշտ եք»։
Պահի ազդեցության տակ մենք կարող ենք հեշտությամբ մոռանալ, որ մեր նպատակն է կապ հաստատել մյուս կողմի հետ, համագործակցել նրանց հետ,ընկերանալ և նրանց ինտեգրել մեր շարքերը: Մենք այնքան ենք տարվում հաղթելու մտքով,որ մոռանում ենք հոգևոր կապ ստեղծելու մասին: Հեշտ է մարդկանց հետ աշխատելու փոխարեն, էներգիա ծախսել նրանց պիտակավորելու վրա:
«Kind»`(բարի) բառը ծագել է «kin»`(հարազատ) բառից: Երբ բարի ես ինչ-որ մեկի հանդեպ, նշանակում է, որ նրա հետ վարվում ես ինչպես հարազատի: Կարծում եմ, ինչ-որ մեկի հայացքները փոխելու լավ մեթոդ է: Բարեկամություն կառուցեք: Հաց կիսեք: Գիրք նվիրեք:
Նախ եղեք բարի, ճիշտ կարող եք լինել ավելի ուշ։