Գեղարքունիքի մարզի
քաղաքական ակումբ
Լուրերի անդրադարձը Գեղարքունիքի մարզի Քաղաքական ակումբի գործունեությանը։

Քաղաքական ակումբի գործունեությունը

«Հայաստանի սահմանամերձ մարզերում քաղաքական ակումբների ստեղծում» ծրագիրն իրականացվել է Նիդերլանդների Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ Կովկասի ինստիտուտ հիմնադրամի կողմից։ Ծրագրի առաջին փուլը՝ 2022-2023 թվականներին, նպաստեց Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում չեզոք քննարկման հարթակների ստեղծմանը՝ քաղաքական ակումբների ձևաչափով, որտեղ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցերը դարձան քննարկման առանցք։
Այս տարի ծրագրի երկրորդ փուլի շրջանակում, ակումբներ են բացվել նաև Գեղարքունիքի, Լոռիի, Արմավիրի և Շիրակի մարզերում։ Գեղարքունիքի մարզում, որպես գործընկեր կառույց ընտրվել է Բայազետ կենտրոն ՀԿ-ն։
Այս ընդլայնումը կարևոր քայլ է սահմանամերձ համայնքներում հանրային բանավեճի և քաղաքացիական մասնակցության խթանման գործում՝ ստեղծելով նոր հնարավորություններ՝
տարբեր տեսակետներ ներկայացնելու և համայնքների ձայնը լսելի դարձնելու համար։

Առաջին Հանդիպում

«Ակադեմիական քաղաքի հայեցակարգ․ քաղաքի զարգացման հեռանկարները»

Ակումբի առաջին թեման նվիրված էր Ակադեմիական քաղաքի հայեցակարգին և քաղաքի զարգացման հեռանկարներին։

Քննարկման բանախոսներն էին՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և ՀԱՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը։ Քննարկման մոդերատորն էր Ալեքսանդր Իսկանդարյանը։ Կայացած քննարկմանը մասնակցում էին Գավառի պետական համալսարանի ռեկտորական և դասախոսական կազմը, համալսարանների ուսանողներ,միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներ, տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ և հետաքրքրվող այլ անձինք: Քննարկման կենտրոնում ԳՊՀ-ն էր․ մասնակիցները փորձագետներին ներկայացրին իրենց մտահոգությունները Ակադեմիական քաղաքի հայեցակարգի վերաբերյալ: Քննարկման վերջում հանգեցինք այն մտքին, որ մարզային համալսարանները կարևորագույն օղակ են, որոնք կապում են մարզի երիտասարդներին գիտական կյանքին և չեն կարող վերանալ կամ միանալ այլ բուհական համակարգերին։

Երկրորդ հանդիպում

«Խաղաղություն և Անվտանգություն. Մտքերից գործնական քայլեր»

Ակումբի երկրորդ քննարկումը նվիրված էր «Խաղաղություն և Անվտանգություն. Մտքերից գործնական քայլեր» թեմային, որի բանախոսներն էին քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանը և Սերգեյ Մինասյանը: Հանդիպման մոդերատորն էր Մարիամ Գասպարյանը։

Քննարկմանը մասնակցում էին Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, համայնքապետարանի աշխատակիցներ, ՀԿ-ների անդամներ, դպրոցականներ և այլ հետաքրքրված անձինք: Քննարկման առանցքային թեման կենտրոնացած էր Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների անվտանգության հեռանկարների վրա: Արդի իրավիճակների քննարկումը հնարավորություն տվեց անդրադառնալ տարածաշրջանային մարտահրավերներին և դրանց հաղթահարման հնարավորություններին՝ հատկապես շեշտելով միջազգային համագործակցության կարևորությունը անվտանգային ոլորտում:

Երրորդ հանդիպում

«Հանրային քաղաքականությունների մշակում․ միջազգային փորձառություններ և տեղական հնարավորություններ»

Ակումբի երրորդ քննարկման ընթացքում անդրադարձանք «Հանրային քաղաքականությունների մշակում․ միջազգային փորձառություններ և տեղական հնարավորություններ» թեմային։ Քննարկման բանախոսներն էին քաղաքագետներ Թևան Պողոսյանը և Գոռ Պետրոսյանը, իսկ հանդիպումը վարում էր Կովկասի ինստիտուտի Ծրագրերի ղեկավար Լիանա Ավետիսյանը։ Մասնակիցների կողմից բարձրացված հարցերին պատասխանելով՝ բանախոսները բացատրեցին հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի կարևորությունը:

Քննարկմանը մասնակցում էին տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ, դպրոցների անձնակազմի անդամներ, ինչպես նաև քոլեջների և համալսարանի ուսանողներ, հետազոտող-վերլուծաբաններ և պատմագետներ:

Քննարկման արդյունքում կարևորվեց լոբբիստական աշխատանքի դերը հանրային քաղաքականությունների մշակման մեջ, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության անհրաժեշտությունը և սոցիալ-տնտեսական հետևանքների հարցը:

Չորրորդ հանդիպում

«Երիտասարդական քաղաքականության ուղենիշներ․ ձեռքբերումներ և հեռանկարներ»

Քաղաքական ակումբի չորրորդ հանդիպումը դարձավ բովանդակալից և ինֆորմատիվ քննարկման միջավայր։ Քաղաքական ակումբը հանդիսանում է անաչառ հարթակ Գեղարքունիքի մարզի բնակիչներին հուզող հարցերի բարձրաձայնման համար:

Անդրադարնալով «Երիտասարդական քաղաքականության ուղենիշներ․ ձեռքբերումներ և հեռանկարներ» թեմային՝ քննարկվեցին այն հարցերը, որոնք այսօր հուզում են երիտասարդությանը և այն ուղղությունները, որոնք կարելի է զարգացնել: Քննարկման բանախոսն էր «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգող Անի Պետոյանը, իսկ քննարկումը վարեց «Բայազետ» կենտրոն ՀԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական Անի Թադևոսյանը։ Քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվեց ոլորտի հաջողությունները և առկա հեռանկարները՝ առաջարկելով զարգացման հնարավոր ուղիներ:

Հինգերորդ հանդիպում

«Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը ՀՀ-ում»

Գեղարքունիքի մարզի Քաղաքական ակումբի հինգերորդ հանդիպումն անցկացվեց ակտիվ քննարկումների մթնոլորտում։ Այս անգամ անդրադարձանք մարդու իրավունքների պաշտպանության համակարգին՝ քննարկելով ձեռքբերումները, մարտահրավերները և զարգացման հնարավոր ուղիները ՀՀ-ում։

Քննարկման բանախոսներն էին ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը և «Բայազետ» կենտրոն ՀԿ-ի գլխավոր քարտուղար Վահրամ Հովեյանը։ Հանդիպման մոդերատորն էր Մոնիկա Ստեփանյանը։

Քննարկումը միջոց հանդիսացավ երիտասարդներին կրկին անգամ իրազեկելու իրենց իրավունքների պաշտպանության կարևորության մասին։

Վեցերորդ հանդիպում

«Ապատեղեկատվությունը մեդիա դաշտում»

Քաղաքական ակումբի վերջին հանդիպումը դարձավ ամփոփիչ կետը, որը եզրափակեց մեր ակումբի գործունեությունը:

Թեման՝ հնարավորություն տվեց մասնակիցներին ոչ միայն ծանոթանալ ոլորտի խնդիրներին, այլև բացահայտել դրա ազդեցությունը կարծիքների ձևավորման, հասարակական լարվածությունների և նույնիսկ պատմության ընթացքի փոփոխման վրա:

Թեմային հրավիրված բանախոսներն էին CivilNet.am-ի լրագրող Արշալույս Մղդեսյանը և Factor.am-ի լրագրող Անի Թամրազյանը։ Քննարկումը վարեց Մարինե Դվոյանը, «Բայազետ» կենտրոն ՀԿ-ի անդամ, ով ապահովեց մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը և քննարկման կառուցվածքը:

Հանդիպմանը ներկաները հնարավորություն ունեցան ոչ միայն լսելու փորձագետների կարծիքները, այլև հարցեր տալու, քննարկելու և արտահայտելու իրենց մտահոգությունները: Սա նպաստեց տարբերակված մոտեցումների ձևավորմանը՝ ապատեղեկատվության դեմ պայքարում:

Քաղաքական ակումբը դարձավ հարթակ, որի միջոցով մենք ոչ միայն բարձրացրինք Գեղարքունիքի մարզի բնակչության տեղեկացվածության մակարդակը, այլև խթանեցինք նրանց ակտիվ մասնակցությունը համայնքային և հասարակական կյանքում: Յուրաքանչյուր թեմա հնարավորություն տվեց բացահայտելու նոր գաղափարներ և մոտեցումներ, որոնք կարող են նպաստել Հայաստանի զարգացմանն ու բարեկեցությանը:
Շնորհակալություն ենք հայտնում մեր մասնակիցներին, բանախոսներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս հաջող ծրագրի իրականացման գործում:
Հետևեք մեզ