Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի
6-րդ Հակակոռուպցիոն դպրոցի փակման արարողությունը։ Ինչպես տեղեկանում ենք կազմակերպության տարածած հայտարարությունից, մասնակցության հայտ ներկայացրած 163 դիմորդներից ընտրվել էին 27 լավագույնները։ Մասնակիցները 20-33 տարեկան ուսանողներ և տարբեր ոլորտների սկսնակ մասնագետներ են։
«Կոռուպցիայի ցանկացած դրսևորում լուրջ սպառնալիք է մեր երկրի համար, իսկ այս դպրոցի կազմակերպումը կարեւոր նշանակություն ունի երիտադասարդների շրջանում կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ստեղծելու գործում»,- փակման արարողության ժամանակ նշեց ԹԻՀԿ կրթական ծրագրերի ղեկավար Մարիամ Հովեյանը:
Ուսուցանման ընթացքում մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների և այլ թեմաների մասին: Բացի ոլորտային նրբություններից, մասնակիցներին հնարավորություն է ընձեռվեց ձեռք բերել այնպիսի կարևոր հմտություններ ինչպիսիք են քննադատական և վերլուծական մտածողությունը, առաջնորդության զարգացումը։