Այստեղ ակնհայտ է Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության տասնամյակներ շարունակվող պետական քարոզչությունը: Բացի հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, նվաստացման, անդամահատման և մահապատժի ապացույցներից, վերջին հարձակումների ժամանակ ադրբեջանցի զինծառայողները նաև մերկացրել, խոշտանգել և մահապատժի են ենթարկել հայ կին զինծառայողներին։ Ադրբեջանցի զինծառայողների կողմից սոցիալական ցանցերում կամավոր կերպով տեղադրվել և տարածվել են հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և սպանության մասին վկայող տասնյակ տեսանյութեր, ինչը ցույց է տալիս պատժից վախի բացակայությունը: Հայ կին զինծառայողների նկատմամբ հատուկ սարսափելի վերաբերմունքը որակվում է որպես ամենածանր գենդերային բռնություն: Այս վարքագծի պատճառը ադրբեջանցի զինծառայողների և ընդհանրապես հասարակության խորը արմատացած կնատյացությունն է, որն ապացուցված է նաև ադրբեջանցի օգտատերերի կողմից սոցցանցերում այդ հանցագործությունների խրախուսմամբ և նորմալացմամբ:
2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Ադրբեջանի պետական հովանավորությունը վայելող հայատյաց քաղաքականության դեմ պայքարելու համար, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում հայերը ենթարկվում են համակարգված խտրականության, սպանությունների և խոշտանգումների։ 2022 թվականի օգոստոսի 30-ին Ռասայական խտրականության վերացման կոմիտեն հրապարակեց իր եզրափակիչ դիտարկումները Ադրբեջանի վերաբերյալ՝ հայտնելով իր մտահոգություններն ու առաջարկությունները Ադրբեջանին՝ նշելով, որ «(4) Կոմիտեն խորապես մտահոգված է․ (с) ռասայական ատելության հրահրմամբ և հայազգի կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ ռասիստական կարծրատիպերի տարածմամբ՝ ներառյալ համացանցում և սոցիալական ցանցերում, հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից, ինչպես նաև նման գործողությունների համար հետաքննության, հետապնդումների, դատապարտումների և պատժամիջոցների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության բացակայությամբ»: