ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Հասարակական կարծիք գոյություն չունի

հասարակություն
Նախ և առաջ կցանկանայի հստակեցնել, որ որևէ մտադրություն չունեմ մեխանիկական ու դյուրին կերպով անվավեր ճանաչել հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները, այլ ընդհակառակը, անողոք վերլուծության ենթարկելով՝ քննել նրանց աշխատանքն ու գործառույթները: Սա ենթադրում է, որ հարցականի տակ ենք դնում երեք ոչ բացահայտ կանխադրույթ:

Առաջին կանխադրույթի համաձայն՝ ողջ հարցաթերթը ենթադրում է, որ բոլորը կարող են ունենալ կարծիք, կամ այլ կերպ ասած՝ բոլորին մատչելի է կարծիք հայտնել: Կասկածի տակ առնելով սույն կանխադրույթը՝ վտանգում եմ դիպչել ինչ-որ մեկի միամիտ ժողովրդավարական զգացմունքներին:

Երկրորդ կանխադրույթը ենթադրում է, որ բոլոր կարծիքներն իրար արժեն: Հնարավոր եմ համարում ապացուցել, որ դա այդպես չէ, և կարծիքների համատեղման փաստը, որոնք բացարձակապես միևնույն իրական ուժը չունեն, տանում է անիմաստ արտեֆակտների առաջացմանը:

Երրորդ ոչ ակնհայտ կանխադրույթն այն է, որ բոլորին նույն հարցն ուղղելու պարզ փաստում ենթադրվում է խնդիրների շուրջ համաձայնության հիպոթեզի առկայությունը, այլ կերպասած՝ կա համախոհություն, որ մի շարք հարցեր արժանի են առաջադրված լինելու:

Այս երեք ոչ բացահայտ կանխադրույթները, ըստ իս, շեղումների շարքից են, որոնք բացահայտվում են նույնիսկ հավաքագրման և տվյալների վերլուծության ընթացքում մեթոդաբանական բոլոր պայմանների խստորեն պահպանման դեպքում:

Հասարակական կարծիքի ուսումնասիրության ժամանակ շատ հաճախ ներկայացնում են տեխնիկական բնույթի կշտամբանքներ: Օրինակ՝ հարցականի տակ են դնում ընտրանքի ներկայանալիությունը: Գտնում եմ, որ հանրային կարծիք ուսումնասիրող կենտրոնների կողմից ներկայումս օգտագործվող գործիքներն այդ առարկությունն անհիմն են դարձնում: Նրանց հանդիմանում են նաև խորամանկ հարցեր առաջ քաշելու կամ, ավելի շուտ, խորամանկորեն ձևակերպված հարցերի համար: Դա ավելի ճիշտ է, ու հաճախ է պատահում, որ հարցը տալու ձևից արդեն իսկ եզրակացնում են հարցի պատասխանը: Այսպես, օրինակ, խախտելով հարցաթերթի կառուցվածքի այն պարզ կանոնը, որը պահանջում է «տալ նրանց հնարավորություն» բոլոր հնարավոր պատասխանների համար, առաջարկված հարցերում կամ պատասխաններում հաճախակի մոռանում են տեղ թողնել հնարավոր մեկ ընտրության համար կամ էլ առաջարկում են բազմաթիվ ձևերով փոփոխված միևնույն տարբերակը: Կան նմանատիպ ամեն տեսակ խորամանկություններ, ու հետաքրքիր կլիներ հարցում իրականացնել դրանց ի հայտ գալու սոցիալական պայմանների մասին: Գերազանցապես դրանք պայմանավորված են այն պայմաններով, որոնցում գտնվում են հարցաթերթ կազմողները: Մեծ մասամբ խորամանկություններն ի հայտ են գալիս, որովհետև պրոբլեմների ամբողջությունը, որի շուրջ աշխատում են հանրային կարծիք ուսումնասիրող ինստիտուտները, ենթարկվում է հատուկ տիպի պահանջներին: Այդպիսով՝ ֆրանսիացիների շրջանում նախաձեռնելով կրթության վերաբերյալ մեծ հարցում՝ այդ խնդրով զբաղվող ծառայություն մատուցող մի շարք բյուրոների արխիվներում մենք հավաքեցինք կրթությանը վերաբերող բոլոր հարցերը: Սա մեզ ստիպեց տեսնել, որ կրթական համակարգին վերաբերող 200-ից ավելի հարցեր տրվել են 1968 թ. մայիսին տեղի ունեցած դեպքերից հետո, և միայն 20-ը՝ 1960 և 1980 թվականների միջև ընկած շրջանում, ինչը նշանակում է, որ պրոբլեմների ամբողջությունը, որի ուսումնասիրումը ձեռնարկում են նման կազմակերպությունները, խորապես կապված է կոնյուկտուրայից և ենթարկվում է սոցիալական պատվերի որոշակի տիպին:

Պիեռ Բուրդիո «Հասարակական կարծիք գոյություն չունի (1973)» հոդվածից

 ամբողջական տարբերակը՝ http://publishing.ysu.am/files/Burdie_Bodriar.pdf