ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Կուսակցությունների սոցիոլոգիան

պայքար և իշխանություն
           Հեղափոխության մեջ առաջնակարգ դեր են խաղում կուսակցությունները: Առանց նրանց պատմության անկարելի է նրանց ընկերաբանությունը կատարել: Բայց այն համեստ շրջագիծը, որի մեջ չկան մեծ հավակնություններ, թույլ է տալիս «փոքրիկ նկատողություններ» անել այդ մասին էլ, փոքրիկ մտքեր, որոնք գուցե մի օր պետք եղած ճաշակը և ժամանակը գտնեն լինելու այն, ինչ որ ցանկալին է:
            Ոչ թե միայն հեղափոխության, այլ ընկերաբանության տարակերպություններից է այն, որ մարդիկ կարող են պատվավոր դարձնել, ինչ որ, ըստ էության, անպատիվ մի բան է: Վիճելի հարցերն են միայն, որ կողմնակցություն, կուսակցություն են պահանջում: Եվ ահա մարդիկ առաջուց վճռում են կողմնակից լինել, կուսակից լինել մի բանի, որ վիճելի էլ չէ դեռևս, որ քննության կարոտ է, իրականության կռանի տակը չի ընկել դեռ: Եվ ավելին, մարդիկ վճռում են կողմնակից լինել, կուսակից լինել ոչ միայն այն բաներին, որոնք վիճելի են դեռևս, այլ նաև այն բաներին, որոնք այժմ գոյություն չունեն և ապագայում միայն կարող են գոյություն ունենալ: Գոյություն չունեցող բաների հանդեպ առաջուց վճռել դիրքը նշանակում է նվազագույն ճշմարտության հոգսից իսկ ազատվել մարդկայնորեն և լայնմտորեն: Բոլոր կուսակցությունները աշխատում են ցույց տալ, թե իրենց պաշտպանած հարցերը անմիջական շահագրգռություն են ներկայացնում բոլորի համար էլ, ուստի ամենքն էլ իրենց կուսակցության պիտի անդամագրվեն: Սրա մեջն է կուսակցական լինելու պատիվը: Բայց հասարակական հարցերից շատ քչերն են, որ անմիջական շահագրգռության առարկա կարող են լինել բոլոր մարդկանց համար էլ՝ նկատելով միայն այս, որ պետական ձևի նման հարցն իսկ շատ վիճելի է, թե ո՞րն է լավը: Ոչ մի հանրապետություն դեռ չի տվել անգլիական միապետության ազատությունները: Պետական ձևի պաշտպանության մեջ կան մարդիկ, որ անմիջապես շահագրգռված են, մեծամասնությունը՝ շատ հեռավոր կերպով: Ահա այդ մեծամասնությունն է, որ պիտի խտացնե կուսակցական շարքերը, ցնորքներով օրորվի, թե ինքն էլ անմիջապես շահագրգռված է և կուսակից դառնա, երբ պետք էր անմիջապես շահագրգռվողների քննադատը դառնալ: Դրանով նա փակում է ճշմարտության ճանապարհը: Այստեղն է ահա անպատիվը: Թող ամեն մարդ իր համար ասի, թե ինչ կլինի մի երկրի բարոյականությունը, ուր անկուսակցությունը ծիծաղելի և մի նոր տեսակի կուսակցություն է:
             Կուսակցություններն իրենց գոյությունը պահում են, ուրեմն, ճշմարտությունը թաղելով: Ոչ միայն այդ, այլև իրար հակառակվելու ուժգնության մեջ է կուսակցությունների ուժը: Եթե ճշմարտությունը լիներ կուսակցության սկզբունքը, այն ժամանակ հավանական է, որ բոլոր մարդիկ էլ մի կուսակցության պատկանեին. ուրեմն կուսակցություն հնարավոր չէր լինի այլևս, որովհետև հակառակ կարծիք պաշտպանող պիտի գոյություն չունենար, կուսակից և կողմնակից լինել անկարելի պիտի դառնար: Աշխարհում կողմ չկա, այլ կան կողմեր: Այդ պատճառով էլ մի կուսակցության գոյության արմատը իր հակառակորդ կուսակցության սրտում է աճում: Այդ պատճառով էլ բոլոր մարդիկ անկուսակցական են, որովհետև մարդու սկզբունքը ճշմարտությունն է, իսկ կուսակցության սկզբունքը՝ ճշմարտության հակառակությունը:
            Ով որ բարի լինի այս հոդվածների ոգին հասկանալ առանց կրճատումների կամ հավելումների, նա պիտի ընդունի, որ այդ ոգով կարող է գրել և՛ կուսակցականը, և՛ անկուսակցականը: Խնդիրը միայն հասարակագիտական է և երբեք գործնական: Գուցե համայնական կամքը կազմակերպելու մեջ կան ներակա ներհակություններ, որոնք հնարավոր են դարձնում հակասությունը:
             Կուսակցությունները կազմվում են ընդհանրապես հասարակության մեջ գոյություն ունեցող գաղափարներին և ձգտումներին ուժ և իրականություն տալու համար: Մի ընկերության օգտին ծառայելու կոչված՝ նրանք դառնում են շատ հաճախ այդ ընկերության գլխին ամենամեծ չարիքը: Կապված անունների և լոզունգների (որոնք մի տեսակ անուններ են) հետ, նրանք ուզում են ոչ միայն այն, ինչ որ հասարակությունն է ուզում, այլև նրանք պահանջում են, որ հասարակությունն էլ ուզենա այն, ինչ որ իրենք են ուզում: Այստեղ տերը ծառա է, և ծառան տեր է` դեռ սոցիալիզմը չիրականացած:
                Ենթադրողներ կլինեն, թե կուսակցությունները նպատակներ չպիտի ունենան, սեփական, ինքնուրույն նպատակներ, որովհետև հասարակության նպատակներն ու իդեալներն են իրենց նպատակն ու իդեալը՝ կոչված նրան ծառայելու, կարո՞ղ են միթե նրանք ուրիշ իդեալ ունենալ, քան ինչ որ հասարակությունն ունի: Բայց կուսակցությունները ոչ միայն նպատակներ ունեն, սեփական և ինքնուրույն, այլև կուսակցություններն ընդհանրապես ինքնանպատակ են: Մի տրամաբանություն կա, որ ասում է` հասարակությունը չի կարող վնասվել, երբ կուսակցությունը շահում է: Եթե մի երկրի մեջ գտնվող չորս հակառակ կուսակցություններն էլ շահեն, անշուշտ, բոլոր կուսակցությունները կպնդեն դեռ, թե հասարակությունը չի կարող վնասվել, երբ կուսակցությունը շահում է: Կուսակցությունները ինքնանպատակ են ոչ միայն, որ հասարակության ծառայելուց ավելի իրենք իրենց են ծառայում, այլև ունեն կռապաշտության և առհասարակ կրոնական մոլությունների բոլոր ախտերը: Կուսակցության անունը և կուսակցության մեջ եղած անունները մի-մի ուժածին աղբյուր են: Ոչ մի պայմանով ոչ մի կուսակցություն չի կարող հրաժարվել թե՛ մեկից և թե՛ մյուսից: Իրականությունը ա՞յլ պահանջներ է առաջադրում. այն ժամանակ կուսակցության անունն էլ այլ բովանդակություն է ստանում: Շատ հեշտ է կատարվում կերպարանափոխությունը, շատ հեշտ են անցնում կուսակցությունները սոցիալիստականից ազգայնականին և ազգայնականից սոցիալիստականին: Ինչո՞ւ անունը չեն փոխում, կարելի է հարցնել: Որովհետև անունն ուժ է, ամենակարող մի կուռք, որ անտարբեր է բովանդակության հանդեպ և կարող է ծառայել սոցիալիզմին նույնքան հավատարմությամբ, որքան ազգասիրությանն էր ծառայել մի ժամանակ: Եթե անվան համար կարելի է մի արդարացում գտնել, անունների համար, սակայն բացարձակապես անկարելի է: Կուսակցության անունը անհատականություն չունի, թեև ես ունի, եսն անխախտ կմնա, երբ փոխվում է անհատականությունը: Կուսակցության մեջ եղած անունները, բացի կուսակցական անհատականությունից, ունեն նաև անհատականանձնական մի փոքրիկ ես: Սրա վիճակն ի՞նչ է լինելու: Իսկապես ոչինչ: Երբ ներում եք կուսակցական եսին «ոչ» ասելու, ինչ որ մի օր «այո» էր ասում, ինչո՞ւ չպիտի ներեք նաև անձնական եսին սպիտակ հայտարարելու, ինչ որ մի օր սև էր հայտարարել: Կուսակցականությամբ բզիկ-բզիկ եղած անհատականությունը բնազդաբար զգում է այդ, և շատ-շատերը «ձանձրանում են», «հեռանում են» կուսակցությունից՝ վերջիվերջո իրենց ներքին հոգեկան պահանջներին բավարարություն տալու, իրենց հոգին այդ ողբերգությունից ազատելու համար միայն: Շատերն էլ կուսակցությունն են փոխում՝ հուսալով մի ուրիշ տեղ գտնել այն, ինչ որ այստեղ չգտան: Կուսակցական և անձնական եսերի նույնություն և կատարյալ համերաշխություն կա նրանց մոտ միայն, որոնք արհեստով կուսակցական են: Կուսակցության մեջ եղած անունների մեծ մասը սրանցից է կազմվում: Սրանք Սպինոզայի աստծու նման անտարբեր են հասարակական բոլոր երևույթների և կուսակցության ամեն տեսակ բովանդակությունների հանդեպ: Ու շռայլում են իրենց ջանքերը սրան էլ, նրան էլ, լավին էլ, վատին, միայն թե իրենց պաշտպանած կուսակցության գնա, նրա վատին ու լավին ծառայե իրենց ջանքը:


Տերոյան Վ., Կուսակցությունների սոցիոլոգիան // Գիտական եւ հրապարակախոսական աշխատություններ, Երևան, ՀՀ ԳԱԱ, Պատմ. ինստ, Ա. հ., 2006, էջ 214-226