ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Հասարակայնության հետ կապերի առանձնահատկությունները համացանցում կամ PR 2.0

ժամանակակից մեդիա
Այսօր մենք մի նոր երևույթի` համացանցի սրընթաց զարգացման ու տարածման ժամանակակիցներն ենք: Համացանցը հաղորդակցման նոր տեխնիկական միջոց է, որը զգալիորեն գերազանցում է մինչ այդ հայտնագործված միջոցները տեղեկատվության փոխանցման արագության ու հնարավորությունների առումով:

Ըստ ՄԱԿ-ի «Միջազգային էլեկտրոնային կապի միության» տվյալների՝ այսօր աշխարհում համացանցից օգտվողների թիվն արդեն հասել է 3.200.000.000-ի, որը Երկրի բնակչության գրեթե կեսն է (աշխարհում ապրում է 7,2 մլրդ մարդ): Վերջին 15 տարիների ընթացքում համացանցի օգտատերերի տեսակարար կշիռը ավելացել է գրեթե 7 անգամ՝ աշխարհի բնակչության 6,5 %-ից հասնելով 43 %-ի...:

Համացանցի զարգացումը պայմանավորված է տեղեկատվության ստեղծման և սպառման ծավալների աճով, նախևառաջ լայն զանգվածներին ուղղված տեղեկատվության, այսինքն՝ այդ գործընթացներում բնակչության ավելի ու ավելի լայն զանգվածների ներգրավմամբ: Ցանցային հաղորդակցական տեխնոլոգիաները խթանում են սոցիալական բազմաթիվ գործընթացներ՝ այս կամ այն չափով ներազդելով հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա:

Ցանցային հաղորդակցման միջոցները՝ որպես սոցիալական գոյացություն, փաստորեն, մարդկանց փոխազդեցության ապահովման նորագույն ձևեր են, որոնք երկակի բնույթ ունեն. ընդլայնելով անհատների փոխազդեցության ծավալն ու բովանդակությունը՝ ցանցային հաղորդակցման միջոցները միաժամանակ ավելի են բարդացնում սոցիումը՝ նվազեցնելով սոցիալական հաղորդակցությունների և սոցիալական համակարգի կայունությունը:

Համացանցը փոփոխել է և շարունակում է փոխել աշխարհը: Այդ գործընթացներն ինչպես դրական, այնպես էլ բացասական նշանակություն ունեն:

Համացանցի զարգացմամբ պայմանավորված դրական փոփոխություններից առաջինն այն է, որ աճել է տեղեկատվական ռեսուրսների հասանելիությունը բնակչության լայն զանգվածների համար: Իսկ բացասական փոփոխությունների թվին են դասվում տեղեկատվական անհավասարության տարածումը, գիտակցության կարծրատիպացումը, մանիպուլյացիոն տեխնիկաների կիրառման հնարավորությունների ավելացումը: Սակայն, բացի նշված բացասական փոփոխություններից, չի կարելի անտեսել նաև այն փաստը, որ մեր հասարակությանը բնորոշ բացասական միտումները հաճախակի իրենց արտացոլումն են գտնում նաև համացանցում: Տեղեկատվական պատերազմները, տեղեկատվական ահաբեկչությունը, համացանցային դիվերսիաները և հանցագործությունները, հոգեբանական կախվածությունը թեպետ համացանցի ծնունդ չեն, սակայն վերջինս դրանց կենսական նոր ուժ է հաղորդում: Համացանցը նաև խորացնում է իրական կյանքում առկա սոցիալական հակասությունները: Ինչպես հայտնի է համակարգի ցանկացած բարդացում խարլխլում է դրա կայունությունը: Այսինքն՝ արդիական են դառնում տեղեկատվական անվտանգության հիմնահարցերը:

Ըստ Մարշալ Մաքլուենի հայտնի ասույթի` հաղորդակցության միջոցն է մեծապես պայմանավորում հաղորդակցության բնույթն ու բովանդակությունը. համացանցի պարագայում ևս այս դրույթը ճշմարիտ է:

Համացանցը՝ որպես նոր սերնդի զանգվածային հաղորդակցման միջոց, մեդիա-միջավայր ներմուծեց յուրահատուկ բնութագրիչներ: Եվ եթե անցյալ դարի վերջին համացանցային լրատվամիջոցները ավանդական մեդիայի էլեկտրոնային տարբերակներ էին, ապա նոր հազարամյակի սկզբում որակական զգալի բեկում տեղի ունեցավ: Մասնագիտական գրականությունում այդ երևույթը ստացավ Web 2.0 հայեցակարգի անվանումը…:

Web 2.0 տեխնոլոգիաների հիմնական առանձնահատկությունն այն է, որ համացանցի օգտագործումը ոչ միայն որպես հաղորդակցական միջավայր է, այլև հարթակ:

Այսպիսով՝ Web 2.0-ն տարբերվում է 90-ականների համացանցից առավել արտահայտված ճկունությամբ, ինտերակտիվությամբ և օգտվողների ակտիվ ներգրավմամբ:

Web 2.0 տեխնnլnգիաներին հատուկ են սոցիալական ցանցերի լայն տարածումը, հաճախորդների կողմից կայքերի բովանդակության ձևավորումը և զարգացումը, կոնտեքստային գովազդի կիրառումը, տեսահոսքերի և աուդիոհոսքերի լիարժեք օգտագործումը և այլ տեխնոլոգիաներ, որոնք տարբերում են Web 2.0-ն իր «նախնիից»` 90-ականների համացանցից, որն ասոցացվում է ստատիկ կայքի` Web-բրոշյուրի հետ: Մերօրյա ինտերնետը սոցիալական ցանց է` միմյանց հետ շփվող անհատների համակցություն:

Web 2.0-ի ամենաակնառու ձեռքբերումը ս
ոցիալական մեդիայի ստեղծումն է, որտեղ բովանդակության հիմնական չափաբաժինը պատկանում է հենց օգտատերերին…:

… Սոցիալական մեդիայի կամ ցանցերի առավել արտահայտված տեսակներն են` Facebook, YouTube, Myspace, Twitter, Google+ և այլն:

Սոցիալական մեդիաները`
  • փոքրացնում են աշխարհագրական հեռավորությունների նշանակությունը
  • թույլ են տալիս բավականաչափ մեծացնել կապերի թիվն ու ակտիվացնել կոմունիկացիաները,
  • նպաստում են կոմունիկացիոն ինտերակտիվության հնարավորությունների լիովին օգտագործմանը:
  • թույլ են տալիս հաստատել կապեր, որոնք հարաբերականորեն մինչև վերջին ժամանակներս մասամբ հնարավոր չէին կամ բոլորովին այլ որակի և մակարդակի էին
  • նաև թույլ են տալիս մի քանի անգամ մեծացնել կոմունիկացիաների արագությունը:


Մելքոնյան Ն., Հասարակայնության հետ կապերի առանձնահատկությունները համացանցում կամ PR 2.0» // «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, տնտեսագիտություն», № 3 (18), էջ 14-20