ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Ազգ և Հայրենիք

գաղափար և քննադատություն
Ի՞նչ է ազգը:
Բառը շատ սովորական է արդի (ինչպէս եւ հին) հայերէնի մէջ` միշտ մեր շրթունքների վրայ: Գրքերում ու լրագիրներում շարունակ կարդում ենք «ազգի» մասին, շարունակ լսում ենք ուրիշներից եւ ինքներս շարունակ գործածում «ազգ», «ազգութիւն» ու «ազգային» բառերը:

Եւ շատ կզարմանանք, եթէ մէկը հարցնի` ի՞նչ ասել է «ազգ»:
Մեզ թւում է, թէ շատ լաւ հասկանում ենք այդ ամենասովորական բառը: Եւ թւում է այդպէս հենց այն պատճառով, որ սովորական է այն: Մեր ականջը մանկութիւնից վարժուել է բառին, այնքան է վարժուել, որ նա այլեւս չի գրաւում մեր ուշադրութիւնը, չի արթնացնում կասկածող, որոնող ու քննող միտքը:

Մեզ թւում է, որ երբ ասում ենք «ազգ», գիտենք, թէ ինչի՞ մասին ենք խօսում, եւ թէ մեզ լսողն էլ ճիշտ մեզ պէս է հասկանում բառը: Բայց, եթէ մի օր նեղն ընկնենք, հարկադրուած լինենք հաշիւ տալու մեզ, լրջօրէն վերլուծելու ու ստուգելու մեր ունեցած հասկացողութիւնը, կտեսնենք, թերեւս մեծ զարմանքով, որ այդ հասկացողութիւնը շատ էլ յստակ չէ, որ նա բաւականին աղօտ է ու անորոշ, կասկածելի ու վիճելի:


Զարմանալու բան չկայ սակայն: «Ազգ» կոչուած հաւաքականութիւնը այն բարդ միութիւնն է, ու «ազգ» գաղափարը այն բարդ գաղափարներից, որոնք շատ դժուար է բնորոշել եւ մանաւանդ դժուար է ամփոփել մի ֆորմիւլի մէջ:


Եւ այս դժուարութեան առաջ կանգնած են ոչ միայն սովորական մարդիկ, այլեւ գիտնականները, որոնք տարիներ ու տարիներ նուիրել են հարցի ուսումնասիրութեանը:


Երեւոյթի ու գաղափարի բարդութեան պատճառով տարբեր մարդիկ (նոյնիսկ գիտնական մարդիկ) տեսել են ու ըմբռնել նրանց տարբեր տարրերը միայն` անգիտակցելով կամ հարկաւոր արժէքը չտալով միւս տարրերին: Այսպիսով՝ ծնունդ են առել միակողմանի, միմեանցից տարբերւող, նոյնիսկ միմեանց հակասող եւ յամենայն դէպս ոչ լրիւ մեկնութիւններ: Առաջ է եկել մտքի շփոթ ու փոխադարձ անհասկացողութիւն այնտեղ, ուր թւում էր` ամէն բան պարզ է ու հասկանալի:


Շփոթը այնքան մեծ է, որ նոյնիսկ առիթ է տուել կասկածելու, թէ կա՞յ արդեօք այն հաւաքական իրը կամ այն երեւոյթը, որ «ազգ» ենք անուանում: Եղել են հետազօտողներ (այսօր էլ կան), որոնք ուղղակի կամ անուղղակի, աւելի պակաս վճռականօրէն հերքել են ազգերի գոյութիւնը կամ առնուազն յայտարարել են այն շատ վիճելի: Israel Zangwill-ը, օրինակ, կարծում է, որ «ազգ» կամ «ազգութիւն» բառերը չեն արտայայտում որեւէ իրականութիւն: Պրոֆեսոր Santayanna-ն համարում է ազգը մի տեսակ պատահականութիւն, անցողակի ու աննշան երեւոյթ: Իսկ M. T. M. Roberston-ն ուղղակի ասում է, որ «ազգ» անուանուած բանը ցնորք է…:


Ազգեր, ազգային բաժանումներ, ազգային հաւաքականութիւններ չկան իրականութեան մէջ, ասում են այս կարգի մտածողները: Իսկ եթէ կան, արտայայտուած են այնքան անորոշ, սահմանուած են այնպիսի երերուն, անկայուն ու փոփոխակի սահմաններով, որ պատահական ու միանգամայն անարժէք երեւոյթներ են մարդկային համակենակցութեան մէջ: Ազգը մասամբ ֆիկցիա է, ցնորք, մասամբ էլ (եւ խոշոր չափերով)` խաբէութիւն, արհեստականօրէն շինուած ու ներշնչուած գաղափար:


Քաջազնունի Հ., Ազգ եւ հայրենիք// «Հայրենիք» ամսագիր, 1923

 ամբողջական տարբերակը՝ http://publishing.ysu.am/files/Sociologia.pdf էջ 150-153