ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Կրթությունը և մեր մասնատված գիտելիքը

կրթություն
Մենք գտնվում ենք ինֆորմացիոն հեղափոխության շրջանում, որն իր ազդեցությամբ և հեռահար հետևանքներով հաջողությամբ կարող է զուգորդվել արդյունաբերական հեղափոխությանը: Մեզ մշտապես ասվում է, որ ահռելի տեղեկատվության ընդհանուր ծավալը չորս տարին մեկ կրկնապատկվում է, սակայն մենք ի վիճակի չենք օգտվել մեզ հասանելի տեղեկատվության 90-95 տոկոսից: Սա ամենաակնհայտը դրսևորվում է բուհերում, որտեղ գրքերի, ֆիլմերի, մենագրությունների, պարբերականների, տեսագրությունների տեսքով հսկայական տեղեկատվություն է տարածվում աշխարհի բազմահազար տվյալների բազաներից:

Չնայած ակնհայտ է, որ ամեն դետալին մանրամասն ուշադրություն դարձնելը մասնագիտական գերազանցության նշան է, միևնույն ժամանակ հավասարապես ճշգրիտ է նաև, որ անհավատալի և անհայտ փաստերի գերծանրաբեռնվածությունը կարող է միանշանակորեն հանգեցնել մտավոր խցանման: Բացի այն, որ չստուգված ու չկարգավորված փաստերը կառուցվածքային գիտելիք չեն ձևավորում, այլև, ցավոք, տեղեկատվության ներկայիս պայթյունը ուղեկցվում է դրա բացասական հետևանքներով ևս, ինչպես օրինակ՝ ինֆլյացիա և հնացած ու կեղծ տեղեկատվություն: Մեր հասարակության և ժամանակակից քաղաքակրթության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկը՝ ինչպե՞ս հաղթահարել և ինչպե՞ս փոխակերպել տեղեկատվությունը գիտելիքի: Մեր բուհերը, քոլեջները, գրադարանները, կրթված հասարակություններն ու մեր ժամանակակից կրթությունն ավելի քան երբևէ ունեն պատմական և սոցիալական հիմնարար պարտականություն և պատասխանատվություն՝ ապահովելու, որ մենք տրամադրենք ոչ թե դասընթաց, այլ՝ կրթություն, ոչ միայն կրթություն, այլև՝ մշակույթ, ոչ թե ինֆորմացիա, այլ՝ դրա զտումը՝ գիտելիքը, որպեսզի պաշտպանենք մեր հասարակությունը գիտելիք ասվածի ներքո թաքնված կեղծ տեղեկատվությունից: Սա հեշտ գործ չէ: Ի հավելումն տեղեկատվության և գիտելիքի պայթյունին՝ մենք նաև առերեսվում ենք գիտելիքի ֆրագմենտավորման վտանգավոր մակարդակների հետ, որոնք թելադրված են գիտության և ուսման զարգացումներով և կրթվածության մի քանի հազարամյակների կուտակմամբ:

Գրելով գիտելիքի ֆրագմենտավորման և մասնագիտացման առաջացման մասին՝ Մաքս Վեբերը քննադատում էր առաջացած սահմանափակությունը և ժամանակակից ինտելեկտուալ մասնագետի ոգու բացակայությունը: Հենց ժամանակակից մասնագետի ֆենոմենն էր, որ ստիպել էր Դոստոևսկուն «Կարամազով եղբայրներ» աշխատանքում գանգատվել այն գիտնականներից, որոնք «վերլուծել են միայն հատվածները և անտեսել ամբողջությունը. և իսկապես, նրանց կուրությունը սքանչելի է»։ Նույն կերպ Օրտեգա ի Գասետն իր «Զանգվածների ապստամբությունը» աշխատությունում դեռևս 1930-ական թվականներին դա բացատրեց որպես «մասնագիտության բարբարոսություն»։ Ըստ նրա՝ մենք այսօր, առավել քան նախկինում, ունենք կին և տղամարդ գիտնականներ, պրոֆեսիոնալներ, բայց առավել պակաս զարգացած, քան նախկինում։

Համալսարանը, որը պետք է ընդգրկեր գիտելիքների միասնությունն ու ամբողջականությունը, դարձավ պարզապես ինտելեկտուալ բազմազանություն: 17- րդ դարից սկսած՝ գիտելիքի աճի և ֆրագմենտավորման գործընթացն արագացել է, ուժգնանում է մեր դարում և առավել կինտենսիվանա 21-րդ դարում: Այսօրվա համալսարանը բաղկացած է մասնագիտություններից և մասնագիտացումներից, կարգերից և ենթակարգերից, որոնց շրջանակներում մասնագիտացումը շարունակում է շեղված մնալ: Գիտելիքի միասնությունը ձախողվել է: Մասնագիտության շրջանակն ու ինտենսիվությունը այնպիսինն են, որ գիտնականները մեծ դժվարություններ են ունենում՝ թե՛ իրենց նեղ մասնագիտական և թե՛ ընդհանուր գիտակարգային գրականության անհաղթահարելի քանակից հետ չմնալու հարցում։ Նույնիսկ ավանդական պատմական հումանիտար դիսկուրսներն են գնալով կորցրել իրենց կենսունակությունը…:


Gregorian V., Education and Our Divided Knowledge // Proceedings of the American Philosophical Society, Vol. 137, No. 4, 250th Anniversary Issue (Dec., 1993), pp. 605-611: