ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Նոր սերունդ

գաղափար և քննադատություն
Հայ հասարակագիտակ մտքի աղքատութեամբ պիտի բացատրել հին սերունդի գաղջ վերաբերմունքը՝ դէպի նորը: Նոյն բանով բացատրէք նաեւ նոր սերունդի անփոյթ կեցուածքն իր ցեղի եւ հայրենիքի ապագայի հանդէպ:

Հայ մարդը իմաստասիրական ջանքի պակասի պատճառով «նոր սերունդ» հասկացողութեան մէջ դնում է միայն կենսաբանական բովանդակութիւն: Նորը, ըստ այդ վերջինի, որդիներն են, հինը՝ հայրերը:

Տարիքի պարզ խնդիր է թէ՛ նորը, թէ՛ հինը: Սերունդները միայն հասակով են տարբերւում իրարից: ժամանակ կ’անցնի, եւ որդիները կ’այրանան ու կը բռնեն իրենց հայրերի տեղը: Այսքան ծիծաղելիօրէն պարզ եւ հեշտին է նոր սերունդի պրոբլեմը օրուայ հայ մտածողութեան համար:

…Սերո՛ւնդ. դա կենսաբանական հասկացողութիւն չէ՛, «կանաչ հասկ» չէ՛ միայն, այլեւ՝ հոգեբանական որոշ բովանդակութիւն: Դա էութիւն է՝ հինէն խորապէս տարբեր:

Նոր սերունդը միշտ էլ ենթադրում է նորը՝ մի նոր աշխարհազգացողութիւն, նոր մթնոլորտ, մի նոր կամք, որ «պիտի գերազանցէ անցեալը, անգա՛մ՝ ինքն իրեն»:

Դա ցեղի յայտնութի՛ւնն է, ժողովրդի նո՛ր օրը, նրա նո՛ր խօսքը, նո՛ր երգը, նո՛ր առաջադրութիւնը, նրա նո՛ր ճակատագիրը, նրա պատմութեան էջը՝ նո՛ր բովանդակութեամբ:

Դա ժողովրդի կենդանի ուժականութիւնն է, նրա պայքարների աւանգարդային ոյժը, որով եւ՝ նրա կեանքի զարգացման կրողը:

...Միեւնոյն ժողովրդի ծոցի մէջ միշտ էլ էապէս գոյութիւն ունեն երկու աշխարհներ, երկու հասարակութիւններ, որոնցից մէկը քայքայւում է՝ հի՛նը, եւ մի ուրիշը, որ ծաղկում է հինի աւերակների վրայ՝ նո՛րը:

Ճիշդ է ասել ֆրանսացի իմաստասէրը. «Այժմը այլեւս այժմ չէ»: Երբե՛ք կանգ չի առնում, դադար չի ճանաչում մարդկային ցեղի զարգացումը: Կենսական մի միութիւն է սերունդների կենակցութիւնը: Իրողութիւն է, սակայն, եւ այն, որ հինի եւ նորի միջեւ գոյութիւն ունի մի դիալեկտիքական հակասութիւն՝ ոգիների դիալեկտիկան»: Հին է սերնդամիջեան հակամարտութիւնը՝ մարդկութեան չափ, եւ ունի իր հոգեւոր-պատմական հիմքը: Դա, սակայն, չի նշանակում անդունդ՝ սերունդների միջեւ, ինչպէս եւ թշնամանք, երբե՛ք: Ամէն սերունդ ծնունդն է իր ապրած պատմական ժամանակաշրջանի: Ամէն սերունդ ազդւում է իր ժամանակի ոգուց, եւ, փոխադարձաբար, ազդում նրան:

Նորը նորարար է կեանքի բոլոր մարզերում, դա հինի կրկնութիւնը չէ, այլ՝ յաւելիչն ու կատարելագործողը նրա թողած արժէքների, նրա ժառանգութեան:

Հայրերի ուղիով, նշանակում է՝ աւելի մեծ թափով ու նուիրումով շարունակել նրանց գործը, եւ այդ դէպքում՝ ո՛չ թէ կրկնելով նրանց տկարութիւններն ու սխալները, այլ սրբագրելո՛վ:


Նժդեհ Գ., Նոր սերունդ// Հատընտիր, Երևան, «Ամարաս», 2006, էջ 581-583: