ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Ամբոխի կառավարման իրիտացիոն տեխնոլոգիաները

պայքար և իշխանություն
Սոցիալական տեսություններում հեղափոխությունը սահմանվում է որպես հասարակության սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգերի արմատական փոփոխություն, որը տեղի է ունենում կարճ ժամանակում բռնի կամ խաղաղ ճանապարհով: 1989 թվականից շրջանառության մեջ դրվեց «թավշյա հեղափոխություն» հասկացությունը։ Հեղափոխության այս տեսակը բացառում է ֆիզիկական բռնությունը և ուժերի բախումը2 ։ Իշխանության և պետական կառույցների վրա «թավշյա հեղափոխության» ազդեցության ինտենսիվությունն ուղիղ համեմատական է մասնակիցների քանակին3 : Առանց բռնության պայքարն ավելի բարդ և բազմազան է: Այն անպայմանորեն ուղեկցվում է տարատեսակ, նախապես ծրագրված տեխնոլոգիաներով, որոնք օգտագործում են մարդկային ներուժը և թվային ռեսուրսները սոցիալական գործընթացները կառավարելու համար4 ։ Հեղափոխությունն առաջնորդող խմբի հիմնական գործառույթն առավել մեծ թվով մարդկանց զանգվածային գործողություններին միանալուն շահագրգռելն է։


                                        Իրիտացիոն տեխնոլոգիաներ

Մարդկանց մեծ զանգվածներ ներգրավելը ենթադրում է նրանց կառավարման տեխնոլոգիաների և հաղորդակցման գործիքակազմի հմուտ կիրառում: Հասկանալու համար՝ ինչպես է դա հնարավոր, անհրաժեշտ է դիտարկել սոցիալական տեխնոլոգիաների տարբեր տեսակներ: Տեխնոլոգիա ասելով հարկ է պատկերացնել նպատակին հասնելու մարտավարական քայլերի հաջորդականությունը: Ուսումնասիրելով արդեն իսկ տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունները»՝ կարելի է առանձնացնել գործողությունների հետևյալ շարքը՝ բողոքի ակցիաներ, երթեր, գործադուլներ, դասադուլներ, նստացույցեր, հանրային շենքերի ու փողոցների արգելափակումներ և այլն։ Սակայն այս գործողությունները պետք է այնպես նախագծվեն, որպեսզի համապատասխանեն տվյալ հասարակության մշակույթին, ազգային արժեքներին, սովորույթներին, պատմությանը: Միայն այդ դեպքում է հնարավոր իրականացնել քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, խախտել ընդունված նորմերը, «աղմուկ» առաջացնել համակարգում5 , կառավարել ամբոխը և միևնույն ժամանակ քրեական պատասխանատվության չենթարկվել։ Այս նպատակներին են ծառայում մարդկանց մեծ զանգվածների վարքի կառավարման իրիտացիոն տեխնոլոգիաները, որոնք ապահովում են վարքի սահմանված նորմերից շեղում, սակայն օրենքի խախտում չեն հանդիսանում։

Իրիտացիա հասկացության հիմքում անգլերեն «irritation» բառն է, որը թարգմանաբար նշանակում է «գրգռում», «զայրույթ»: Իրիտացիոն տեխնոլոգիաներն «աղմուկ են առաջացնում համակարգում»: Լումանի մեթոդաբանության մեջ «իրիտացիա» եզրույթը մեկնաբանվում է որպես «շեղում», «գրգռում», «վրդովմունք», «անակնկալ» 6 : Սոցիալական համակարգերը միմյանց վրա ազդում են իրիտացիաների միջոցով՝ արձագանքելով արտաքին միջավայրի այն իրադարձություններին, որոնք բավական «աղմուկ» են առաջացնում համակարգում։


Յուլիանա Մելքումյան , Լիլիթ Վարդանյան
Ամբոխի կառավարման իրիտացիոն տեխնոլոգիաները (Հայաստանի «թավշյա հեղափոխության» օրինակով),
«Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն», Երևան, 2020 № 3 (33), էջ 46-62

ամբողջական տարբերակը՝
http://www.ysu.am/files/04Y_Melkumyan_L_Vardanyan.pdf...