ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Կեղծ լուրերը և դրանց տարածումը սոցիալական ցանցերում

ժամանակակից մեդիա
Ներկա ժամանակներին վերաբերող ամենատարածված բնութագրիչներից է «հետճշմարտության կամ post-truth դարաշրջան» հասկացությունը, որը թվային հաղորդակցության միջոցով ապատեղեկատվություն տարածելու գործիք է՝ աննախադեպ ծավալներով և հասարակական գիտակցության ու վարքի վրա ազդելու մեծ հնարավորություններով։ Post-truth արտահայտությունը 2016 թ․ Օքսֆորդի բառարանում սահմանվել է որպես այնպիսի իրավիճակ, երբ հասարակական կարծիքի ձևավորման գործընթացում օբյեկտիվ փաստերն ավելի քիչ ազդեցություն ունեն, քան զգացմունքներն ու սուբյեկտիվ համոզմունքները: Հետճշմարտությունը տարածվում է սոցիալական ցանցերի և ԶԼՄների միջոցով, իսկ տարածվող բովանդակությունը կարող է պարունակել ճշմարտության ու կեղծիքի, հավաստի ու ոչ հավաստի տեղեկատվության տարբեր չափաբաժիններ՝ մանիպուլացնելով հասարակական կարծիքը։ Հետճշմարտությունում վերջինս ձևավորվում է «այլընտրանքային փաստերի» միջոցով, որոնք միտումնավոր տարածվում են իրականությունը խեղաթյուրելու նպատակով։ Այլընտրանքային փաստերի ամենատարածված դրսևորումներից են կեղծ լուրերը (fake news), որոնք այսօր ամենաքննարկվող թեմաներից են։

Կեղծ լուրերը, թեև և՛ որպես տերմին, և՛ որպես երևույթ նոր չէ, մասնագիտական և ակադեմիական մի շարք ուղղությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես վերջին տարիներին։ Ըստ Merriam-Webster բառարանի՝ «fake news» հասկացությունը սկսել է լայնորեն կիրառվել 19-րդ դարի վերջերին, իսկ անգլերենում մինչ այդ՝ սկսած դեռևս 16-րդ դարից, առավել տարածված է եղել «false news» արտահայտությունը, որը վերաբերել է թերթերում հրապարակված կեղծ լուրերին։ «Կեղծ լուրեր» երևույթի ծագումը նույնիսկ կապվում է 1439 թ. Գուտենբերգի տպագրության գյուտի հետ Այդուհանդերձ, կեղծ լուրերի հիմնախնդրով զբաղվող հետազոտողները համամիտ են, որ կեղծ լուրերի տարածման և դրանք ուսումնասիրելու համար բեկումնային նշանակություն ունեցան 2016 թ․ ԱՄՆ նախագահական ընտրությունները։

Կեղծ լուրերի հանդեպ տարբեր գիտաճյուղերի ներկայացուցիչների հետաքրքրության աճն առաջ բերեց այդ հասկացությունը սահմանելու անհրաժեշտություն։ Սակայն դրա մոտեցումները մինչ օրս տարբեր են։ Եթե ընդհանրացնենք կեղծ լուրերի սահմանումները, կարող ենք առանձնացնել հետևյալ հիմնական բնութագրիչները․

- ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն համապատասխանում իրականությանը,
- պարունակում են կեղծ, ոչ լիարժեք ներկայացված կամ «փաթեթավորված» տեղեկատվություն, որը խեղաթյուրում է փաստերն ու ապակողմնորոշում լսարանին,
- ստուգելու դեպքում հնարավոր է բացահայտել կեղծ լինել
- ստեղծվում և տարածվում են կանխամտածված կերպով,
- ուղղված են տարածողի համար ցանկալի դիրքորոշումներ կամ տրամադրություններ ձևավորելու՝ քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական կամ այլ նպատակով։

Կեղծ լուրերը, լինելով զանգվածային հաղորդակցությանը բնորոշ երևույթ, հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, ստացան նոր դրսևորումներ թե՛ ձևավորման և թե՛ տարածման մեխանիզմների տեսանկյունից։ Այս փոխակերպումը հասկանալու համար անդրադառնանք թվային տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված հաղորդակցության փոխակերպմանը, որը վիրտուալ տարածքում ձեռք բերեց նոր բնութագրիչներ։



Ա. Հակոբյան, Կեղծ լուրերը և դրանց տարածումը սոցիալական ցանցերում | «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», 2019 № 3 (30) էջ 45-60