ՏԻՄ Ընտրություններ 2021

Դեպի համամասնական ընտրակարգ

Մինչև 2021 թվականը Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքների ղեկավարներն ընտրվում էին ուղիղ ընտրությամբ, իսկ համայնքների ավագանու անդամները՝ թեև ևս ուղիղ, սակայն յուրաքանչյուր ընտրող ընտրում էր ավագանու անդամի իր թեկնածուին, և ընտրվում էին առավելագույն ձայներ հավաքածները։


2020 թվականին, կառավարության առաջարկությամբ, ԱԺ-ն ընդունեց ՏԻՄ ընտրակարգին վերաբերող Ընտրական օրենսգրքի #փոփոխությունների_փաթեթը, որով և ամրագրվեց, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող, ինչպես նաև խոշորացված համայնքներում տեղական ընտրությունները լինելու են #համամասնական_ընտրակարգով, համաձայն որի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն քաղաքական ուժերի միջև (կուսակցություններ, դաշինքներ)։

———————————————————————————


ԱՆՑՈՂԻԿ ՇԵՄԸ

Նախորդ ընտրակարգով համայնքի ավագանու անցողիկ շեմը կուսակցությունների համար 6% էր, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 8%:

2021 թվականին այդ թիվը նվազեց 2-ական տոկոսով, և սահմանվեց, որ կուսակցությունների համար այն 4%, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 6%:

———————————————————————————

ԿԱՅՈՒՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ԲՈՆՈՒՍՆԵՐ»

Նախորդ ընտրակարգով նախատեսում էր, որ եթե որևէ կուսակցություն ընտրությունների արդյունքներով ստացել է համայնքի ավագանու մանդատների 40 տոկոսից ավելին, ապա այն, մյուս կուսակցությունների մանդատների քանակի պակասեցման հաշվին, ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ ունենա ավագանու անդամների կեսից ավելին: Սա որոշակիորեն տարբերվում էր ԱԺ բոնուսային համակարգից, քանի որ Ազգային ժողովի դեպքում ուժին տրվում էին լրացուցիչ մանդատներ, որոնց հաշվին Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվն էր աճում, իսկ այս դեպքում դա արվում է մյուս ուժերի մանդատները պակասեցնելով, և ավագանու անդամների ընդհանուր թիվը մնում էր անփոփոխ:

Այս մեխանիզմը լրջագույն քննադատության էր արժանանում՝ որպես ավագանու ընտրությունների համամասնականությունը խաթարող ոչ ժողովրդավարական գործիք: Գործնականում այն կիրառվել է միայն մեկ անգամ՝ 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում, երբ Հայաստանի հանրապետական կուսակցության հիման վրա ստեղծված «Բալասանյան» դաշինքը մանդատների բաշխմանը պետք է ստանար 15 մանդատ, բայց այս մեխանիզմի արդյունքում ստացավ երկու բոնուսային մանդատ, որոնք վերցվեցին շեմը հաղթահարած մյուս ուժերից: Արդյունքում, ընդամենը շուրջ 35 տոկոս ստացած ուժին բաժին հասավ ավագանու 33 տեղերի կեսից մի փոքր ավելին՝ 17-ը:

2021 ընտրությունների համար այս բոնուսային մեխանիզմն ամբողջությամբ վերացվել է:

———————————————————————————

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ

Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ եթե որևէ կուսակցություն (կամ դաշինք) ընտրությունների արդյունքում ստանում է համայնքի ավագանու անդամների տեղերի կեսից ավելին (50%+1), ապա այդ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է համայնքի ղեկավար: Հակառակ դեպքում՝ ավագանին ընտրում է համայնքի ղեկավար:

———————————————————————————

ԿԱՆԱՆՑ ԵՎ ԸՍՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՔՎՈՏԱՆ

Նախորդ Ընտրական օրենսգրքով նախատեսված էր, որ ՏԻՄ ընտրություններում կուսակցությունների ցուցակներում կանանց քվոտան նախքան 2021 թվականի ընտրությունների համար՝ 25, իսկ 2021 թվականից սկսված բոլոր ընտրությունների համար 30 տոկոս է:

Միաժամանակ նախատեսվում է նաև համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններում ըստ բնակավայրերի քվոտա: Մասնավորապես, ըստ նախագծի, ցանկացած միավորված (մի քանի բնակավայր ներառող) համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (ու դաշինքները) իրենց նախընտրական ցուցակում պետք է ունենան ներկայացուցիչներ համայնքի մեջ ներառված բնակավայրերի գոնե 50 տոկոսից:

#bayazet_center


#CECArmenia