ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ

գաղափար և քննադատություն
Այն ազգը, որ չունի հող և երկիր, երբեք չհուսա, որ պիտի հարստանա. այդ անբնական մի բան է, և դորան հուսալը խելագարություն։ Թո՛ղ բնավ չհուսա, որ առաջ հարստանա և հետո երկիր ձեռք բերե. այդ լինելու չէ։ Նախ, որ հարստությունը, որ եթե կա այդ ազգի մասնավորների ձեռքում, կամ վաճառականությունը, որ եթե վաճառականություն է…, հիմք չունի, այլ, իբրև պատահական մի բան, ենթակա է պատահարների ազդեցության։ Երկրորդ, որ հող և երկիր տիրաբար ձեռք բերելու նպատակը և խորհուրդը փառք չէ, պատիվ չէ, դոքա երեխայական գաղափարներ են, այլ հնար գտնել յուր կյանքը և գոյությունը ապահովելու համար։ Եվ հավատացե՛ք, որ վաճառականությունը և արվեստը որչափ որ ծաղկին, թեև առանց երկրագործության չկա և վաճառականություն , որչափ որ մասնավոր մարդիկ միլիոններ դիզեն, այսուամենայնիվ ենթակա են բամբակի և ժապավենի ազդեցության։ Մի մրրիկ, մի փոթորիկ, և... Գնա՛ տխրադեմ ցնցել դատարկ քսակները, որոնց մեջ լցված էին երբեմն ոսկին և արծաթը։

Տնտեսական խնդիրը միակ խնդիրն է մարդու կյանքը և գոյությունը ապահովելու համար, և որչափ ծանր արժեք ունի այս խնդիրը, որչափ մարդը անքակտելի կապված է նորա հետ, այնքան դժբախտ է եղել այղ խնդրի ճակատագիրը։ Նա դարձել է մի քար, որի վերա մարդը քանի՛ և քանի՛ անգամ գայթակղեցավ։

Վերջին անգամ գոռաց նա՝ «կեցցե՛ ազատություն, կեցցե՛ հավասարություն, կեցցե՛ եղբայրություն»:
–Կեցցե՛, կեցցե՛,– հնչեցին ամեն կողմից բյուրավոր արձագանք։
Պատնեշներ շինեցին, փողոցների սալահատակները կողոպտեցին, աղաղակ, խռովություն։
–Ի՛նչ բանի վերա եք։
–Չե՞ս տեսնում. ազատություն, հավասարություն, եղբայրություն, կեցցե՛։
–Կեցցե՛, կեցցե՛։
–Թո՛ղ կենան, թո՛ղ ապրին օդի մեջ,
– ասաց մինը, որի աչքերը ավելի հեռատես էին։
–Ինչպե՞ս, թշվառական դու... Վայրկյանի մի... Եվ շանսատակ կլինիս հարվածիս տակ, եթե կեցցեներ չգոռաս։
–Կեցցե՛, կեցցե՛:
–Այո՛, այդպես, կոպիտ... Անկիրթ... Մինչև այժմ չե՞ս հասկցել, որ աշխարհը լուսավորվել է և չէ կարող այլևս բռնության տանել...
–Մի՛ բարկանար, աղաչում եմ, մի հարցմունք...
–Այժմ կեցցեից ավելի ուրիշ բան չէ կարելի խոսել, կեցցե՛։
–Կեցցե՛,– ասաց խեղճ մարդը և հեռացավ հրապարակից: Տարին չորս եղանակ ունի, իսկ մարդկային կյանքը՝ բյուրավոր չորսեր։ Այն օրերը լոկ կեցցեի եղանակ էին, և ուրիշ բանի վերա խոսողը՝ մահի պարտավոր։ Մի քանի օրից հետո, երբ արդեն ազատությունը, հավասարությունը և եղբայրությունը նստել էին արքայական գահի վերա, երբ բոլոր փողոցները և տուները, մինչև անգամ այս անբան գոյությունքը՝ կարմիր ներկերով և խոշոր տառերով, անբարբառ, գոռացել էին բյուրավոր կեցցեներ, երկու մարդ հանդիպեցան միմյանց մի անկյունում։

Նալբանդյան Մ., Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ// Երկեր, Երևան, «Սովետական գրող», 1985, էջ 458-522
ամբողջական տարբերակը՝ http://publishing.ysu.am/files/Sociologia.pdf